«Լա կանգնելուդ ձևին, արա՛… վիզդ կկտրեմ…». դանակահարություն Վանաձորում՝ «աբգոն անելու» պատճառով

- in Իրավունք
avtoner

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդիկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

1987 թվականին ծնված Էդիկ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ 2 անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 17-ին, ժամը 19-ի սահմաններում Էդիկ Հ.-ն իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով երթևեկել է Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայով և թույլ չի տվել, որ համընթաց երթևեկող «ՎԱԶ- 2109»-ը, որի ղեկին Սուրեն Խ.-ն էր, վազանց կատարի: Վերջինս ձայնային ազդանշան է տվել ու մանևրել: Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակ Էդիկ Հ.-ն իր մեքենան կանգնեցրել է Թումանյան փողոցում գործող ավտոլվացման կետի մոտ: Նրա հետևից նույն վայրն է եկել ու կանգնել նաև Սուրեն Խ.-ն: Վազանց կատարելը խանգարելու, նաև՝ ավտոլվացման կետի առջև մեքենան թեք կայանելու հարցերի շուրջ Սուրենը պարզաբանում է պահանջել Էդիկից: Վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել: Միջամտել է Սուրենի ընկեր Հարություն Ս.-ն, որը գտնվում էր ավտոլվացման կետի մոտ:

Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Հ.-ն սուր ծակող-կտրող գործիքով «շեշտակի և ուժգին» մեկ հարված է հասցրել Սուրեն Խ.-ի որովայնի առաջնային մակերեսին, դանակի մի հարված էլ հասցրել է Հարություն Ս.-ի կրծքավանդակի առաջնային մակերեսին՝ երկուսի առողջությանն էլ դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

2014 թվականի օգոստոսի 6-ին Էդիկ Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հետախուզման մեջ գտնվող Էդիկ Հ.-ն Հայաստան վերադառնալու իր մտադրության մասին նախապես տեղեկացնելով ոստիկանության աշխատակիցներին՝ 2017 թվականի ապրիլի 12-ին, ժամը 00:30-ին Գոգավանի անցակետով մուտք է գործել ՀՀ, կամովին ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել է:

Քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է: Նույն օրը Էդիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Էդիկ Հ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործը վարույթ ընդունելով՝ 2018 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ կալանավորումը փոխարինել է գրավով, նույն օրը Էդիկ Հ.-ն ազատ է արձակվել գրավի կիրառմամբ:

Նախաքննության ու դատաքննության ընթացքում Էդիկ Հ.-ն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, մեղսագրված հոդվածով    իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց, պնդել է նախաքննական ցուցմունքները:

Նախաքննության ժամանակ որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք տալով՝ Էդիկ Հ.-ն հայտնել է, թե դեպքի օրը «Նիսան» մեքենայով իր հորեղբորորդու՝ Սարգիսի հետ ընթացելէ  Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայով դեպի «Կլոր» հանրախանութ: Մեքենան ինքն էր վարում, Սարգիսը նստած էր իր կողքին: Հանրախանութի մոտակայքում ինքը վազանց է կատարել մի «ՎԱԶ-2109»-ի: Այդ մեքենայի վարորդը սկսել է ձայնային ազդանշան տալ ու թարթել մեքենայի լույսերը: Ինքը թեքվել է աջ՝ «Երեք խոզուկ» ռեստորանի մոտով, ու կանգնել է ավտոլվացման կետի հարևանությամբ: Իր հետևից եկել ու կանգ է առել նաև «09»-ը, որի վարորդը իջել, ընդառաջ է եկել իրեն ու վրդովված ասել է. «Էս ի՞նչ ձև ես քշում, լա կանգնելուդ ձևին, արա, քեզ ո՞վ ա ավտո տվել կամ թողել, որ քշես, բա որ խփեիր ավտոյիս, գիտե՞ս, քեզ ինչ կանեի»: Ինքը նրա վրայից ալկոհոլի հոտ է զգացել: Իր հորեղբորորդի Սարգիսը մեքենայից չի իջել, հավանաբար սկզբում չի էլ նկատել իր ու այդ տղայի խոսակցությունը, որովհետև մեքենայի նվագարկիչն էր «բզբզում»: Ինքն ու այդ տղան առաջացել են դեպի ավտոլվացման կետ, ինքն այդ տղային ասել է. «Էդ ի՞նչ ձև ես խոսում հետս, նորմալ պահի հլա քեզ»: Այդ տղան ավելի ագրեսիվ է դարձել, ձեռքով խփել է իր կրծքավանդակին ու հայհոյել է: Ինքն էլ է զայրացել ու ձեռքով հարվածել է նրա կրծքավանդակին, սկսել են իրար քաշքշել: Մի պահ այդ տղան հետ է քաշվել, հետո «վրա է եկել»՝ ասելով. «Վիզդ կկտրեմ, այ տղա»: Երբ նա մոտեցել է, ինքը նրա ձեռքին դանակ է տեսել, բայց չի տեսել՝ երբ և որտեղից հանեց այն: Դանակը տեսնելով՝ ինքը ոլորել է նրա ձեռքը, փորձել է խլել դանակը, որ նա իրեն չխփի: Այդ քաշքշուկի ժամանակ դանակը «պահի տակ» կպել է նրա փորին: Ինքը դա աղոտ է հիշում, չի հիշում նաև՝ դանակն արդեն ի՞ր ձեռքին էր, թե՞ դեռ նրա մոտ էր, բայց քաշքշուկը շարունակվում էր: Հիշում է, որ դանակը վերջում իր մոտ է մնացել: Իրենց քաշքշուկին միջամտել են իր հորեղբորորդի Սարգիսը ու իրեն անծանոթ մի տղա, նրանք բաժանում էին՝ ընկնելով իրենց արանքը: Այդ ամենը մեկ-երկու րոպե է տևել, հետո ինքն ու հորեղբորորդին նստել են մեքենա ու գնացել են իրենց թաղամաս: Ինքը դանակը նետել է խոտերի ուղղությամբ: Երբ իրենք հեռանում էին, իր հետ վիճաբանած տղան շարունակում էր հայհոյել ու սպառնալիքներ էր տալիս, որ գտնելու է իրեն ու սպանի: Ինքը հասկացել է, որ քաշքշուկի ընթացքում նրան դանակով վնասել էր, բայց դա արել էր, որպեսզի պաշտպանի իրեն: Ինքը դեպքի մասին հայտնել է հորը ու վախենալով, որ իր հետ կռված տղան իրեն կգտնի ու վրեժ կլուծի, նույն օրվա երեկոյան Բագրատաշենի անցակետով գնացել է Վրաստան: Մի քանի օր հետո հայրը զայրացած զանգել է իրեն ու ասել է. «Քանի՞ հոգու ես խփել էդ կռվի ժամանակ, երկու հոգու վնասվածքներով հիվանդանոց են տարել»: Ինքը զարմացել է, քանի որ մի հոգու հետ էր վիճել: Հայրն ասել է, որ երկու հոգու դանակահարելու համար ինքը հետախուզման մեջ է, ինքն էլ վախեցել ու Հայաստան չի վերադարձել: Հոր ասելուց հետո ենթադրել է, որ երկրորդ տղան, որ վնասվածք էր ստացել, իրենց բաժանող տղան կլիներ, քանի որ իրենք չորսով էին, այդ տղան ընկնում էր իր ու Սուրենի արանքը, որ բաժանի: Եթե պարզվի, որ այդ բաժանող տղան է վնասվածք ստացել, ուրեմն դա պատահականության արդյունք է, քանի որ ինքն այդ տղայի դեմ ոչինչ չուներ, նրա հետ չէր վիճում: Նույն ձևով դանակը կարող էր դիպչել իր հորեղբորորդուն: Բոլոր դեպքերում ինքը զղջում է , պատրաստ է կատարածի համար պատասխանատվություն կրել, բայց ոչ՝ առաջադրված մեղադրանքով, քանի որ ինքը երկու հոգու ծանր վնաս հասցնելու դիտավորություն չի ունեցել:

Տուժող Սուրեն Խ.-ն դատարանում ասել է, թե դեպքից շատ ժամանակ է անցել, ինքը ոչինչ չի հիշում: Ինքը ամբաստանյալին չի ճանաչել, բացի այդ՝ որոշակի առողջական խնդիրներ ունի, հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում, դեղեր է խմում, ունի նաև մոտը դանակ պահելու սովորություն:

Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է, թե դեպքի օրը ինքը երթևեկում էր Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայով: Մի սպիտակ «Ջիպ» իր առջևով ընթանում էր դանդաղ, կարծես «ձեռ առնելով»: Նա իրեն չի թողել վազանց կատարել, հետո էլ «թեք ու անշնորհք ձևով» կանգնել է իր ծանոթի ավտոլվացման կետի մոտ: Ինքը մեքենան կանգնեցրել է այդ մեքենայի կողքին, իջել ու դիտողություն է արել «Ջիպի» վարորդին՝ մեքենան վատ քշելու և կանգնելու սխալ ձևի համար: «Ջիպի» վարորդը պատասխանել է. «Ի՞նչ ես մուննաթ գալի, ես «արա» չեմ քո համար»:

Ինքը բռունցքով խփել է այդ տղայի կրծքին ու առաջացել է դեպի նա: Հասկանալով, որ կռիվ է լինելու, գրպանից հանել է մոտի դանակը, բացել ու ասել է. «Մոտ չգաս, կխփեմ, հեռու մնա», բայց այդ տղան բռնել է իր աջ ձեռքը, որում դանակն էր: Քաշքշուկ է սկսվել: Մոտեցել է նաև իր ընկեր Հարությունը: Ինքը չի հասկացել՝ իր հետ կռվող տղան դանակը ոնց է խլել, բայց երբ նստել է մեքենա, դանակն իր մոտ չէր: Հետո զգացել է, որ որովայնը թրջվել ու տաքացել է, շորը բարձրացրել, տեսել է, որ արյուն է գալիս, վնասվածք է ստացել: Կարծում է, որ վնասվածքը ստացել է քաշքշուկի ժամանակ, ինչը ակնթարթորեն է եղել: Ինքը նկատել է, որ Հարությունն էլ է վնասվածք ստացել: Սկզբում չեն ցանկացել հիվանդանոց գնալ, որ քաշքշուկի մեջ չընկնեն, բայց բարդություններից խուսափելու համար պատահական տաքսիով գնացել են հիվանդանոց: Տուժողը Էդիկ Հ.-ի դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել:

Տուժող Հարություն Ս.-ի ներկայությունը դատական նիստերին հնարավոր չի եղել ապահովել: Նա հայտնել է, թե միջամտել է Սուրենի ու անծանոթ տղայի քաշքշուկին, հետո անծանոթ տղան ընկերոջ հետ նստել է «Ջիպը» ու «ճռռացնելով»  փախել դեպի Վանաձորի «Բանգլադեշ» թաղամաս, իսկ ինքն ու Սուրենը մնացել են կանգնած: Ինքը զգացել է, որ գոտկատեղի մասում թրջվել է, հագուստը բարձրացրել ու տեսել է, որ վնասվածք է ստացել: Չի կարող ասել՝ ով է իրեն վնասվածք պատճառել, չի հասկացել այդ պահը: Ինքը Սուրենին ասել է. «Էդ գյադեքը խփեցին»: Նույն պահին տեսել է, որ Սուրենին էլ են ծակել…

Դատարանը հանգել է հետևության, որ Էդիկ Հ.-ին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ: Վիճաբանության ժամանակ Սուրեն Խ.-ն դանակ է հանել, Էդիկ Հ.-ին տվել է դանակով վնասելու սպառնալիք, որով իրական վտանգ է առաջացրել վերջինիս համար: Եվ նա այդ վտանգը «իրավացիորեն համարելով իրական՝ ստացել է անհրաժեշտ պաշտպանության դիմելու իրավունք»:

Միևնույն ժամանակ դատարանը եզրահանգել է, որ Էդիկ Հ.-ն անցել է անհրաժեշտ պաշտպանության սահմանները, քանի որ դանակը Սուրենի ձեռքից խլելուց հետո արդեն անհամապատասխանություն էր առաջացել Սուրենի հարձակման ու Էդիկի պաշտպանության միջև:

Դատարանը եզրահանգել է, որ Էդիկ Հ.-ի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով՝ որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարած արարք: Այնուհետև Էդիկ Հ.-ն նույն դանակով հարվածել է նաև կռիվը դադարեցնել ու կռվողներին իրարից հեռացնել փորձող Հարություն Ս.-ի կրծքավանդակի առաջնային մակերեսին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, այս արարքն էլ, ըստ դատարանի, պետք է որակվի ըստ հետևանքի՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է, այդ մասով ամբաստանյալի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:

Էդիկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 116 հոդվածի 2-րդ մասերով: 116 հոդվածի 2-րդ մասով Էդիկ Հ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով Էդիկ Հ.-ն դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 2 տարի 2 ամիս 24 օր ժամկետով, այնուհետև Համաներման ակտի կիրառմամբ Էդիկ Հ.-ն ազատվել է պատժի կրումից:

Էդիկ Հ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազը՝ խնդրելով բեկանել այն, անհիմն գնահատել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ամբաստանյալի արարքի վերաորակումը, Էդիկ Հ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել  7 տարի ազատազրկման:

Այս գործով առաջիկա դատական նիստը վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է հունիսի 3-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments