siria

Հայաստանում ընթացող ներքաղաքական դիմակայությունն ու լրատվական-տեղեկատվական օրակարգը իսպառ անտեսում են այն, ինչ տեղի է ունենում Լիբիայում:

Լիբիայում շարունակվում է պայքարը ապստամբ գեներալ Հավթարի և Տրիպոլիի կառավարական ուժերի միջև: Այդ պայքարում ներկայումս կառավարական ուժերի հաջողության փուլն է, որոնք մի քանի էական հարված են հասցրել Հավթարին:

Թվում է՝ իսկապես, մենք ունենք մեր խնդիրները, մեր հետհեղափոխական օրակարգը, Լիբիան մեզ ինչ: Բայց ամբողջ հարցն այն է, որ Լիբիան աշխարհաքաղաքական առանցքային կետերից մեկն է, և այնտեղ ներքին զինված դիմակայության կողմերում են իրականում Հայաստանի համար էական նշանակություն ունեցող արտաքին երկու խաղացողներ՝ Թուրքիան՝ կառավարական ուժերի հետևում, և Ռուսաստանը՝ Հավթարի աջակից: Ու ըստ այդմ՝ ստացվում է, որ Լիբիայում Թուրքիան է հարվածներ հասցրել Ռուսաստանին:

Եվ մյուս նշանակալի հանգամանքը այն է, որ այդ իրողությունը մեծ ուշադրության է արժանանում ադրբեջանական տեղեկատվական դաշտում՝ ոգևորությամբ արձանագրելով թուրքական հարվածները ռուսական սպառազինությանը: Մասնավորապես, ադրբեջանցիներն էլ հաշվում են, թե քանի Պանացիր հրթիռային համալիրներ են խոցել թուրքական անօդաչուները՝ հանելով դրանք շարքից: Այլ կերպ ասած, ակնառու է, որ բացի ռուս-թուրքական բախումից, նաև տեղի է ունենում Ռուսաստանի հանդեպ հաղթանակի, այսպես ասած, մոդելավորում Ադրբեջանի քարոզչական դաշտում՝ այն տարածելով արդեն հայ-ադրբեջանական ստատուս-քվոյի վրա, դիտարկելով դարձյալ ռուս-թուրքական դիմակայության համատեքստում:

Այդպիսով ակնառու է, որ Հայաստանի համար Լիբիան ոչ միայն հեռու չէ, այլև Լիբիան Հայաստանին են մոտեցնում ադրբեջանցիները, առայժմ թեկուզ տեղեկատվական օրակարգում: Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչով կարող է պատասխանել հայկական օրակարգը՝ բացի, իհարկե, ներքին այն «ռազբորկաների» բնույթ պարունակող քաղաքական անցուդարձից, որ ծավալվում է հայաստանյան ներքաղաքական կյանքի մասնակիցների միջև:

Սկզբունքորեն, խոշոր հաշվով, ակնառու է, որ Հայաստանի համար գերակա խնդիրը թույլ չտալն է, որպեսզի Արցախի հարցը որևէ կերպ վերածվի ռուս-թուրքական դիմակայության՝ ուղղակի թե անուղղակի: Եվ խոսքը միայն ռազմական փուլի մասին չէ, այլ նաև քաղաքական տրամաբանության, որ փորձ է արվում ձևավորել, համենայնդեպս, Ադրբեջանից և Անկարայից:

Spread the love