Լուկաշենկոյի ապտակը Մոսկվային. ԵՏՄ ճգնաժամին չի մնում այլընտրանք

- in Միջազգային

Հաղթանակի 75-րդ տարեդարձին պարտված Գերմանիան ավելի էժան է վճարում Ռուսաստանի գազի համար, քան Բելառուսը, հայտարարել է այդ երկրի նախագահ Լուկաշենկոն, նշելով, թե այդ վիճակը ուղղակի անընդունելի է: Լուկաշենկոն ասել է, որ ԵՏՄ շրջանակում բարձրացրել է հարցը Մոսկվայի առաջ, սակայն պատասխանն այն է, որ ստատուս-քվոն պահպանվելու է:

Ռուսաստանի առաջ գազի հարցը բարձրացրել է նաեւ Հայաստանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորումն ու ըստ այդմ գնագոյացման միասնական մեխանիզմի գործարկումը ԵՏՄ իմաստավորման առանցքային բաղադրիչ է, առանց որի կառույցն իմաստազրկվում է:

Միասնական շուկան պետք է ձեւավորի վիճակ, երբ այդ միասնական տնտեսական տարածության բոլոր արտադրողները կլինեն գնագոյացման միասնական սկզբունքի, ըստ այդմ մրցակցային հավասարության պայմաններում: Ռուսաստանը թեեւ ընդունում է, որ միասնական շուկան պետք է ձեւավորվի, այդուհանդերձ հնարավորինս ձգում է այդ հեռանկարը: Չի բացառվում, որ Մոսկվան փորձում է այն հնարավորինս «թանկ վաճառել» քաղաքական իմաստով:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շաբաթներ առաջ իր աղմկոտ հայտարարության մեջ նշել էր, թե Բելառուսն ու Հայաստանը դժվար պահին բարձրաձայնելով գազի գնի նվազեցման հարցը, լավ չեն վարվում: Լավրովի այդ վատ քողարկված «մուննաթը» վկայում էր, որ Մինսկն ու Երեւանն ըստ երեւույթին բավական կոշտ են դնում հարցը:

Թեեւ, հարցը խոշոր հաշվով կոշտ «դնում» է կորոնավիրուսը, որը Ռուսաստանին գործնականում դուրս է դնում աշխարհակարգային քննարկումների առանցքից, որ վարակի առիթով դիմակայությամբ ձեւավորում են ԱՄՆ-ն ու Չինաստանը: Մինսկն ու Երեւանը փաստացի հենց կորոնավիրուսին են հղում անում՝ գազի գնի նվազեցման փաստարկ դնելով ՌԴ առաջ: Եվ կորոնավիրուսն է նաեւ առանցքային պատճառ, որ Գերմանիան այսօր ռուսական գազը ստանում է Բելառուսից ու Հայաստանից ցածր գնով: Որովհետեւ տեղի է ունեցել նավթի կտրուկ գնանկում:

Մոսկվան դեռեւս չի արձագանքել Երեւանի դիմումին՝ սահմանին գազի գինը նվազեցնելու բանակցության վերաբերյալ: Կամ, համենայնդեպս չի արձագանքել հրապարակավ: Լուկաշենկոյի հայտարարությունը հուշում է, որ Կրեմլը մերժում է, թեեւ առանց Լուկաշենկոյի էլ՝ Մոսկվայի լռությունն այս դեպքում անհամաձայնության նշան է:

Իսկ Երեւանում սպառվում է ժամանակը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար նախատեսված է Գազպրոմ Արմենիայի գազի ներքին գնի թանկացման հայտը քննելու համար: Դրա համար կա 90 օր ժամանակ, որի կեսն արդեն սպառվում է: Գազպրոմ Արմենիան «փաստարկում» է, որ սահմանին 165 դոլարի պարագայում չի կարող նորմալ աշխատել առանց ներքին գնի բարձրացման: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ սահմանին մոտ 21-22 դոլար նվազեցնելու դեպքում ընկերության համար չի լինի ներքին թանկացման կարիք:

Եթե Ռուսաստանը մերժի սահմանին գնի նվազեցումը, Երեւանը պատրա՞ստ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մերժել թանկացման Գազպրոմ Արմենիայի հայտը: Արդյոք այդ քայլը նախապատրաստելու համար էր Փաշինյանը հայտարարում, որ կոմունալ վճարների կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարված է:

Միաժամանակ, ակնառու է դառնում մի հանգամանք, որ Մոսկվայի մերժողական դիրքորոշումը հաղթահարելու համար առաջանում է ԵՏՄ ճգնաժամ հրահրելու անհրաժեշտություն: Կարո՞ղ են դա անել Հայաստանն ու Բելառուսը, Կիրգիզիան ու Ղազախստանը կմիանա՞ն դրան, Ռուսաստանի «մուննաթը» դաշնակցային վարքագծի փոխելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments