Լուկաշենկո-Պուտին կոշտ զրույց. ՌԴ նախագահը վրե՞ժ է լուծելու

- in Ով ով է ...

Ըստ Կրեմլի ինսայդերների, մայիսի 9-ից առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ ՌԴ նախագահ Պուտինի միջեւ: Պուտինը փորձել է Լուկաշենկոյին հետ պահել մայիսի 9-ի շքերթն անցկացնելու մտքից, նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակի վտանգը:

Սակայն Լուկաշենկոն  կոշտ հակադարձել է՝ ինձ մի սովորեցրեք ապրել, ավելի լավ է օգնություն հատկացրեք Բելառուսին: Պուտինն ասել է, որ ոչ մի օգնություն էլ չի լինելու, եւ հեռախոսազրույցն ընդհատվել է:

Նույն շրջանակները պնդում են, որ Պուտինը այդպես չի թողնելու եւ վրեժ է լուծելու Լուկաշենկոյից, համաճարակային վիճակի մեղմացումից հետո: Թե որքանով է այս տեղեկատվությունը ճիշտ, դժվար է ասել, համենայնդեպս շատերն էին նշում, որ Մինսկում շքերթի անցկացումն ապտակ էր Պուտինին, որը ստիպված էր հետ կանգնել Մոսկվայում շքերթ անցկացնելու մտքից: Շքերթ, որը պետք է դառնար Պուտինի ու Ռուսաստանի վեհության, «հայրենական պատերազմի» բուռն քարոզչության գագաթնակետը:

Մյուս կողմից, այդ քարոզչությունը պատահական չէ: Պուտինը ձգտում է պահել Յալթայի աշխարհակարգը եւ վերադառնալ որոշում կայացնողների համաշխարհային ակումբ, առաջարկելով տարբեր ձեւաչափեր ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շրջանակում: Իր հերթին, այդ քարոզչությունն ուղղված է Պուտինի աշխարհքաղաքական հավակնություններին, որը ձգտում է ռեւանշի հասնել իր իսկ բնորոշմամբ՝ աշխարհքաղաքական մեծ աղետի՝ ԽՍՀՄ փլուզման համար:

Փորձագետները վաղուց խոսում են այն մասին, որ այս ճանապարհին առաջինը Բելառուսը, Ուկրաինան եւ մերձբալթյան հանրապետություններն են: Պուտինը երկար ժամանակ Լուկաշենկոյին փորձում է համոզել իրականացնել միասնական պետության գաղափարը: Ինչ վերաբերվում է Ուկրաինային, այս պարագայում կիրառվում է հիբրիդային ազդեցության մեծ զինանոցը, այդ թվում տեղական ագենտուրան, Կիեւին Մոսկվայի պայմաններով համաձայնության հարկադրելու, ինչպես փորձագետներն են բնորոշում՝ Ուկրաինան Դոնբասին միացնելու միջոցով:

Մերձբալթյան երկրների պարագայում նույնպես նախատեսվում է կիրառել հիբրիդային ազդեցության զանազան միջոցներ: Այս պարագայում կար հետեւյալ հանգամանքը. այս երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, եւ Մոսկվայում հաշվարկել են, թե դժվար թե ՆԱՏՕ-ն կպաշտպանի այս երկրներին միջուկային սպառնալիքի դեպքում, ինչը կփլուզի ՆԱՏՕ-ն որպես ոչ գործունակ դաշինք: Ռուսաստանի նպատակներից մեկը արեւմտյան դաշինքների փլուզումն է:

Սակայն ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն վերջին շրջանում կարծես թե ընդունել են միջուկային մարտահրավերը եւ հասկացրել, որ նման դեպքում պատասխան է տրվելու: Ամերիկյան նավերը վերազինվել են փոքր մարտագլխիկներով հրթիռներով, որոնք ընդունակ են լոկալ հարվածներ հասցնել ագրեսիայի դեպքում:

Բացի այդ, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւին, որը Պուտինի ամենավստահելի մարդկանցից է, ամերիկյան վարչակազմից զգուշացրել են, որ Բելառուսի եւ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանի դեմ քայլեր են արվելու: Խոսքն իհարկե տնտեսական պատժամիջոցների, Ռուսաստանի սեփականության բռնագրավման եւ այլ միջոցների մասին է, մասնավորապես նավթի եւ գազի էմբարգոն:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, այցելելվ Մինսկ, աջակցություն էր հայտնել Բելառուսի ինքնիշխանությանը եւ վերջապես դեսպան նշանակել Մինսկում:

Կգնա՞ Պուտինը նոր «աշխարհքաղաքական ճեղքման»: Դա չի բացառվում, նկատի ունենալով Ռուսաստանի եւ իշխող վարչախմբի ներկայիս վիճակը, որը կարող է դա որպես ելք դիտարկել: Մյուս կողմից, իշխող վարչակարգի տարբեր խմբեր անհանգստանում են իրենց ապագայի ու սեփականության համար, եւ դրա սպառնալիք են տեսնում Պուտինի քաղաքական կուրսը: Նրանց սեփականության ու կապիտալի մի զգալի մասը գտնվում է Արեւմուտքում:

Պուտինն առայժմ բունկերում է եւ թերեւս աշխարհում միակ ղեկավարն է, որ այնտեղից դուրս չի եկել համաճարակի ողջ ընթացքում: Երեւում է՝ նրա երբ եւ ինչպես դուրս գալը կապված է լինելու այն բանի հետ, թե որ խմբավորումն է հաղթել ներիշխանական պայքարում: Առայժմ ուժեղ են Պատրուշեւի եւ ուժայինների դիրքերը:

Այս ֆոնին, հեռախոսազրույցի վերաբերյալ արտահոսք-տեղեկությունն այնքան էլ անհավանական չի թվում: Համենայնդեպս այն իմաստով, որ Մոսկվան սովորաբար ինչ որ ուղղությամբ գործողությունից առաջ ստեղծում է «դժգոհության պատրվակ»: Ինչպես օրինակ վերջին շրջանում Հայաստանի հարցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments