«Խորհրդային անցյալի շուրջ դիսկուրսն անկախության շրջանում» ուսումնասիրությունը մաս է կազմում «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի, որն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։

Ուսումնասիրությունում տեղ են գտել Հայաստանի անկախության շրջանում երեք նախագահների օրոք Հայաստանի խորհրդային անցյալի վերաբերյալ հայտարարությունների հռետորաբանությունն ու դրա փոփոխության դինամիկան, ինչը կարևոր պատկերացումներ է տալիս նորանկախ Հայաստանի հասարակարգի փոփոխության անցումային շրջանի և հետագայում խորհրդային անցյալի վերաբերյալ հավաքական հիշողության ձևավորման մասին։ Բացի սա, ուսումնասիրությունը հետաքրքիր զուգահեռներ է ուրվագծում նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորման առաջնահերթությունների և դրանց փոփոխությունների հետ։

Ուշագրավ է նաև այս ուսումնասիրության հրապարակման օրը՝ մայիսի 27-ը, քանի որ ուղիղ երեսուն տարի առաջ այս օրը Երևանում՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում, տեղի ունեցավ հայ ազատամարտիկների և խորհրդային զորքերի միջև բախումը՝ դառնալով Հայաստանի անկախացման և Արցախյան հակամարտության մեկնարկի ազդանշաններից մեկը։

«Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի շրջանակներում ուսումնասիրվել են նաև Հայաստանում անկախությունից ի վեր Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնահարցի, Հայաստանում մարդու իրավունքների, ազգային ինքնագիտակցության և ազգայնականության վերաբերյալ պաշտոնական դիսկուրսների զարգացումն ու նշված թեմատիկ ուղղություններով հավաքական հիշողության ձևավորման տրամաբանությունը։

Ուսումնասիրության մյուս մասերը կհրապարակվեն հաջորդիվ։

«Խորհրդային անցյալի շուրջ դիսկուրսն անկախության շրջանում» հոդվածը կարող եք կարդալ այս հղումով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Spread the love