Ծանր մեղադրանք Չինաստանին. ԱՄՆ-ն անցել է գրոհի

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Թրամփի տնտեսական հարցերի խորհրդական Պիտեր Նավարրոն հայտարարել է, որ Չինաստանը կանխամտածված տարածել է կորոնավիրուսը ամբողջ աշխարհում:

Նավարրոն հայտարարել է, որ նոյեմբերին Ուհանում հայտնաբերված վարակը Չինաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է աշխարհից եւ այդ ընթացքում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ ուղարկել աշխարհի տարբեր քաղաքներ՝ վարակը տարածելու համար:

ԱՄՆ նախագահի խորհրդականը ծանր մեղադրանք է ներկայացնում Պեկինին: Մեղադրանքն իհարկե նոր չէ, սակայն ԱՄՆ-ն նկատելիորեն ուժգնացնում է այդ առնչութամբ իր հռետորաբանությունը: Այդ հանգամանքը անշուշտ պայմանավորված է թե ներքին, թե արտաքին հանգամանքներով:

Ներքին առումով Չինաստանն ըստ ամենայնի դառնում է ԱՄՆ նախագահի ընտրության գործընթացում Դոնալդր Թրամփի գլխավոր խաղաքարտը: Թրամփի թիմը, օգտագործելով կորոնավիրուսի համավարակը, Չինաստանը հռչակում է արտաքին խոշոր մարտահրավեր, իրեն դիտարկելով այդ մարտահրավերի դեմ պայքարի առաջամարտիկ եւ փորձելով ԱՄՆ հանրությանը մոբիլիզացնել այդ գաղափարի շուրջ:

Այստեղ, ի դեպ, էական դեր կարող է խաղալ եւ այն հանգամանքը, որ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը նախագահ Օբամայի պաշտոնավարման շրջանում, խոշոր ֆինանսական դրամաշնորհ է տրամադրել Ուհանի հայտնի լաբորատորիային, որը դիտարկվում է վարակի ստեղծման եւ տարածման հնարավոր աղբյուր:

Որքանով են ԱՄՆ վարչակազմի այդ պնդումները համապատասխանում իրականությանը, դեռեւս ապացուցողական ամուր բազա չկա, թեեւ կան բազմաթիվ հարգարժան մասնագետների հայտարարություններ ու հարցադրումներ, որոնք տրամաբանորեն տանում են հենց լաբորատորիայի վարկածին: Իհարկե, ամբողջ հարցն այն է՝ միտումնավո՞ր է տարածվել վարակը, թե վարակը տարածվել է որեւէ սխալի հետեւանքով:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Չինաստանին ըստ ամենայնի չի հաջողվի խուսափել վարակի համար պատասխանատվությունից: Եվ թերեւս ոչ միայն Չինաստանին, այլ նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Հարցն այն է, թե ինչպիսին կլինի պատասխանատվությունը: Եվ այստեղ էլ ԱՄՆ դերը իհարկե լինելու է վճռորոշ, այն իմաստով, որ այդ գործընթացը, Պեկինի դեմ հնարավոր միջազգային հայցերի գործընթացն առաջնորդելու է Նահանգները: Ըստ այդմ, Վաշինգտոնի վարքագծից է կախված լինելու, թե ինչպես կհանգուցալուծվի պատասխանատվության հարցը:

Այդ պահվածքն էլ թերեւս պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե ինչպես կպայմանավորվի Պեկինը Վաշինգտոնի հետ: Ակնառու է, որ կորոնավիրուսի համավարակը ընդգծեց երկբեւեռ աշխարհի ուրվագիծը, որտեղ բեւեռներն են Վաշինգտոնն ու Պեկինը: Չինաստանին ուղղված մեղադրանքի արտաքին ասպեկտը այստեղ է, եւ ակնառու է, որ Թրամփի վարչակազմը փորձում է առաջ քաշել այդ ստատուս-քվոյի շուրջ պայմանավորվածության իր պատկերացումն ու Պեկինին բերել համաձայնության այդ դաշտ:

Կստացվի, կամ որքանով կստացվի, դա կախված է իհարկե բազմազան գործոններից եւ լինելու է տեւական, ընդհուպ տարիների մեջ ձգվող գործընթաց: Այն ընդամենը սկսել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments