Կա՞ ընդդիմադիր մոբիլիզացիա նոր քաղաքական մեծամասնության դեմ

- in Կեղտոտ լվացք

Կա՞ ընդդիմադիր մոբիլիզացիա նոր քաղաքական մեծամասնության դեմ, թե՞ ոչ:

Ներքաղաքական կյանքի վերջին օրերի լարումն ու դիմակայության մի քանի ուղղությունները առաջացրել են թե՛ այդ հարցը, թե՛ դրա վերաբերյալ տարբեր գնահատականներ ու խոսակցություններ: Մեծ հաշվով, նոր քաղաքական մեծամասնության դեմ տեղեկատվա-քարոզչական մոբիլիզացիան արդեն վաղուց առկա, փաստած երևույթ է, բայց դա բավարա՞ր է արդյոք իրական քաղաքական մոբիլիզացիան գնահատելու համար: Դա հարց է, որը, մեղմ ասած, չունի միարժեք պատասխան, մի շարք քաղաքական հանգամանքների բերումով:

Բանն այն է, որ այդօրինակ մոբիլիզացիայի հանգամանքը առաջին հերթին բարդացնում է այն, որ ինչքան էլ դիտարկվի ներկայիս կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազում, այն, թերևս, բավականին հեռու է կրիտիկական աստիճանից: Հակառակ դեպքում մենք կտեսնեինք նաև իշխանության այլ վարքագիծ: Ավելին, այստեղ, թերևս, կա մի էական հանգամանք: Երբ նոր իշխանության դեմ բացահայտ, բաց վարքագծով ակտիվանում է հատկապես նախկին իշխող համակարգի որևէ թև, կամ համակարգն ամբողջությամբ՝ իսկ այժմ մենք տեսնում ենք հենց այդպիսի ակտիվացում, ապա դա, մեծ հաշվով, ավելի շուտ բերում է իշխանության շուրջ հանրային մոբիլիզացիայի, քան մոբիլիզացնում է նույն նախկին իշխող համակարգի ռեսուրսները:

Կառավարության վարկանիշի կրիտիկական անկման բացակայությունը ստեղծում է մի վիճակ, երբ ընդդիմադիր դաշտում տարածությունը անհամաչափ փոքր է այդ տարածությունում տեղ գրավելու համար պայքարող ուժերի թվի համեմատ: Այդ պայմաններում մոբիլիզացիան դառնում է քաղաքականապես աննպատակահարմար, որովհետև դրանք պայմանավորվածություններ են, որոնք, սակայն, կարող են լինել ավելի շուտ փոխադարձ բեռ, քան հնարավորությունների ընդլայնում:
Կրկնենք, քանի որ առայժմ խիստ սահմանափակ է դրանց միջոցով դիրքավորման ենթակա դաշտը: Ու քանի որ կարկանդակը առայժմ մեծ չէ, քաղաքական հավակնորդները զերծ կմնան այն բաժանելու վերաբերյալ պայմանավորվածությունների գնալուց: Առավել ևս, որ նրանք ունեն նաև Հայաստանում ներքաղաքական տարբեր նախահեղափոխական փուլերում ընդդիմությունների պատմությունը:
Ըստ այդմ, մոբիլիզացիան կշարունակվի առավելապես տեղեկատվա-քարոզչական դաշտում, ընդ որում՝ դրա շնորհիվ փորձելով աշխատել ոչ միայն իշխանության վարկանիշային կորստի ուղղությամբ, այլ նաև սեփական դիրքի ամրացմանը՝ հետո արդեն մյուս ուժերին պայման թելադրելու համար:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments