Անկախ ներքաղաքական դիմակայության մեջ շրջանառվելու հանգամանքից, որ փորձում են անել նախկին իշխանության ներկայացուցիչները, տեղեկատվական լրահոսում հայտնված «ծխախոտագեյթի» պատմությունը անշուշտ հետաքրքիր է, հատկապես այն դեպքում, երբ փաստորեն առկա է առաջին աղմկոտ պատմությունից հետո հնարավոր երկրորդը՝ Երևան-Վորոնեժ:

Բանն այստեղ վարչապետ Փաշինյանի մերձավոր շրջապատին վերագրվող «մեղսակցությունը» կամ դրա հերքումը չէ: Ի վերջո, պետք է դուրս գալ ինտրիգային այդ շրջանակից և լրջորեն հարց բարձրացնել իրավապահների առաջ ոչ միայն մեղադրանքների սուտ կամ իրական լինելու, այլև ընդհանրապես «ծխախոտագեյթի» առնչությամբ:
Ի վերջո, ինչ է կատարվում այդ հարցում, Երևանը վերահսկո՞ւմ է իրավիճակը, թե՞ կազմակերպվում է անվերահսկելի սադրանք Հայաստանի դեմ, ինչը կարող է ունենալ ընդհուպ միջպետական նշանակություն, երբ մաքսանենգության պատմությունները Ռուսաստանի արդեն քաղաքական ղեկավարության ձեռքին լինեն Հայաստանին ներկայացվող, այսպես ասած, պահանջներ կամ Հայաստանի հանդեպ ճնշման միջոց:

Ի վերջո, անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք Հայաստանում կարո՞ղ են գործել հակապետական մեխանիզմներ, որոնք կարող են այս կամ այն կերպ սադրել երևույթներ, որոնք մեծ հաշվով լինեն սադրանք պետության դեմ: Վերջին հաշվով, ինչպես «ձվի գողը կարող է դառնալ ձիու գող», այնպես էլ մաքսանենգ ծխախոտը վաղը կարող է դառնալ այնպիսի մի ապրանք, որը Հայաստանը կարող է ներքաշել առավել մեծ միջազգային նշանակություն և ընդգրկում ունեցող պատմությունների և աղմուկի մեջ՝ հարվածելով պետության անվտանգությանը: Ի վերջո, հիբրիդային պատերազմը չի ճանաչում սահմաններ և կանոններ:

Ընդ որում, այդ իմաստով պետք է նկատել, որ միայն Հայաստանը չէ, որ այդ պատերազմի թիրախում է. գործնականում դա ներկայումս համաշխարհային պատերազմ է, բայց առավել ևս այդ պարագայում պահանջվում է զգոնություն և իրավիճակի առավելագույն կառավարելիություն:

Ի վերջո, մենք ունեցել ենք նաև նախկին իշխանության շրջանում դեպքեր, երբ եղել են անձինք, որոնք փորձել են հայ-վրացական սահմանով անցկացնել ռադիոակտիվ նյութեր:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •