Կարեն Կարապետյանի դերն ու Հայաստանի համար գազի նոր գինը

- in Տնտեսական
karen-karapetyan

Ապրիլյան քառօրյա հանձնաժողովի հարցերին պատասխանելու եկած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հարցեր ուղղող լրագրողները բաց թողեցին թերեւս կարեւոր հարցերից մեկը՝ Հայաստանի գազի գինը, որի առումով Կարեն Կարապետյանը ունի «նեղ մասնագետի» կարգավիճակ:

Միեւնույն ժամանակ, իրավիճակի ինտրիգը այն է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ հենց Կարապետյանն է նաեւ փորձում հասնել Հայաստանի համար գնի թանկացման:

Թեեւ նախկին վարչապետին հարց չուղղվեց, սակայն այլ հարցերին նրա պատասխանների տրամաբանությունը հուշում է, որ նա կարծես թե չի հայտարարում Հայաստանի կառավարության հետ կոնֆլիկտի մասին: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարության գործունեության շրջանակում շատ հարցեր կան, որոնց հետ համաձայն չէ: Միեւնույն ժամանակ, անդրադառնալով դեռեւս 2018-ի ապրիլի 23-ին կալանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը եւ պայմանավորվածություններին, նա ազդարարեց, թե դա իրենց ներքին գործն է, եւ պայմանավորվածություններ խախտված չեն:

Այլ կերպ ասած, Կարապետյանն արձանագրում էր, որ չունի կառավարության, մասնավորապես Փաշինյանի հետ կոնֆլիկտի պատճառ, ըստ այդմ՝ չունի նրա դեմ գործելու անհրաժեշտություն:

Թե որքանով է այդ ակնարկն անկեղծ, դժվար է ասել, սակայն գազի հարցում ինտրիգներից դուրս խնդիրն այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը փորձում է իր հնարավորությունն օգտագործել Հայաստանի համար: Մասնավորապես, նա ոչ միայն Գազպրոմի կառավարման համակարգի մենեջեր է, այլ դեռեւս ՌԴ վարչապետ Մեդվեդեւի պաշտոնավարման շրջանում նշանակվեց նրան կից փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: Իսկ այդ նախագահությունը բավական պատկառելի կազմ ուներ՝ ՌԴ նախկին վարչապետներ Ստեպաշին, Ֆրադկով եւ Զուբկով, իսկ խորհուրդը գլխավորում էր ՌԴ գորշ կարդինալ համարվողներից մեկը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վոլոշինը:

Անկասկած է, որ ՌԴ ներիշխանական համակարգի պատկառելի այդ կազմում հայտնվելը շարքային կարգավիճակ չէ: Իհարկե, պարզ չէ, թե ինչ եղավ այդ կազմը իր կարգավիճակով վարչապետի փոփոխությունից հետո, որ տեղի ունեցավ դրանից կարճ ժամանակ անց: Խորհուրդը եւ դրա նախագահությունն իր կարգավիճակով մնու՞մ է նոր վարչապետին կից, թե՞ ոչ:

Բոլոր դեպքերում, փաստն ինքնին խոսում է Կարեն Կարապետյանի որոշակի դերակատարման մասին ոչ միայն որպես Գազպրոմի մենեջերներից մեկը: Ավելին, ռուսական Գազպրոմը սահմանին գինը նվազեցնելու՝ եւ այդպիսով ներքին գինը թանկացումից զերծ պահելու Հայաստանի նամակին ի պատասխան արձագանքել էր, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, բայց որոշումը կառավարության մակարդակում է:

Առայժմ պարզ չէ, թե ինչ փուլում է ընթացքը, սակայն օրերս խորհրդարանում Հայաստանի վարչապետի անդրադարձից նշմարվում էր, որ բարդ փուլում է:

Ունի՞ Կարեն Կարապետյանը որեւէ ներգրավում այդ փուլում Հայաստանի համար շահեկան որոշում ձեւավորելու գործընթացում: Թե՞ Հայաստանի կառավարությունը չի դիմել նրա հնարավորությանը, «պարտքի տակ» չմնալու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments