LGHH

Արցախի նախագահի երդման արարողությունը Շուշիում, այլ ոչ թե Ստեփանակերտում անցկացնելու որոշումը չգիտես ինչու բուռն դժգոհութուն է առաջացրել Ադրբեջանում:

Ռազմական փորձագետները սպառնում են հրաժարական տալ, համացանցում պահանջում են զանգել Լավրովին ու հարվածներ հասցնել Շուշիին, որտեղ ներկա էր նաեւ Հայաստանի ղեկավարությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն մյարդային հայտարարություններ է անում:

Անգամ ադրբեջանցի լրագրողներն են տարակուսած, թե ինչու են Արցախի ընտրություններն ու երդմնակալությունները բազմիցս «մարսած» քաղաքական գործիչներն այսպես բռնկվել: Ինչու՞ է Ադրբեջանը որոշել հենց այս օրերին վարժանքներ անցկացնել հայերի քթի տակ՝ թափահարելով հրթիռներն ու մյուս զենքերը:

Փակուղին, որում հայտնվել է Ադրբեջանը, աստիճանաբար ավելի է որոշակիանում: Շատ բան է փոխվել Հայաստանում պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների փոփոխությունից, որոնք ոտքի են կանգնեցրել բանակցային գործընթացը:

Բանակցություններում ալոգիզմն ավարտվել է, Հայաստանը հրաժարվել է ձեւական դիվանագիտական հնարքներից, որոնք ձեռնտու են «երրորդ» կողմին: Հնարավոր է, Հայաստանում առաջին անգամ արտաքին գործերի նախարար կա, որը «տեր» չունի այս կամ այն մայրաքաղաքում: Հայաստանի ԱԳ նախարարն այլեւս չի նայում այս ու այն կողմ, «անջատ» բանակցություններ չի վարում, որոնց մասին «իրազեկում է» նախագահին:

Արտաքինից աննկատ հենց այս հանգամանքն է բերել նրան, որ Հայաստանը ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստին ներկայացրել է իր շահերն արցախյան հարցում՝ խափանելով դիվանագիտական խաղը մեկ դարպասի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարի՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելու եւ հակահարձակողական գործողությունների մասին հայտարարություններից հետո Հայաստանի դիրքն ավելի է ամրացել:

Հայաստանի արտաքին քաղաքական նոր դիրքորոշումն ավելի հասկանալի է աշխարհին, քան նախկինը, որը շատերը չէին կարողանում հասկանալ: Դժվար էր հասկանալ, թե ինչպե՞ս կարող է հաղթող կողմը պարտված կողմի հետ քննարկել իր կապիտուլյացիան «փուլային» կամ «փաթեթային» տարբերակով: Դժվար էր հասկանալ, ինչպե՞ս կարող է երկիրն առաջնորդվել այլ երկրի արտաքին քաղաքական շահերով՝ ի վնաս իր շահերի:

Հիմա ամեն ինչ ընկել է տեղը: Դա բարկացնում է Ադրբեջանին, որին ոչինչ չի մնում, քան հիշել Նժդեհին ու բողոքել Մոսկվային, սպառնալ հրթիռներով:

Հայաստանի նման դիրքորոշումն ամենեւին էլ երկրի անվտանգության երաշխիք չէ, բայց նախկինում էլ ոչ ոք չի տվել այդ երաշխիքները: Ավելին, 2016 թվականի պատերազմը ցույց է տվել, որ նախկին դիրքերն Ադրբեջանին օժտում էին «իրենը» ուժով վերադարձնելու իրավունքով: Հիմա չի ստացվի այդպես: