Կեսգիշերային սադրանքից հետո Լավրովի զանգը Երեւան

- in Կեղտոտ լվացք
Sergey Lavrov

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 14-ին զանգահարել է Երեւան՝ Զոհրաբ Մնացականյանի հետ խոսելու համար: Լավրովը զանգել էր նաեւ մայիսի 6-ին:

Ըստ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, Լավրովի հետ Զոհրաբ Մնացականյանը խոսել է երկկողմ հարաբերության, նաեւ այսպես ասած ինտեգրացիոն կառույցների ու Արցախի հարցի մասին: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Զոհրաբ Մնացականյանն այդ համատեքստում կարեւոր է համարել Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 21-ին հնգակողմ հայտարարության դրույթներին հավատարմությունը:

Ապրիլի 21-ին տեսակոնֆերանս էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: Բայց ամենահետաքրքիրն այն էր, թե ինչ տեղի ունեցավ դրան ընդառաջ: 21-ի առավոտյան Լավրովը արեց իր հայտնի հայտարարությունները փուլային տարբերակի, հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ: Դրանք «զինեցին» Հայաստանի նախկին իշխող համակարգին, որը սկսեց Լավրովի հայտարարություններն օգտագործել Հայաստանի քաղաքական ղեկավարության հանդեպ մեղադրանքի եւ քննադատության համար:

Դա տեղի էր ունենում նաեւ նախօրեին, երբ ինչ որ մի քաղաքացի կեսգիշերին մոտեցել եւ սադրում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարին, փորձելով նրան հանել հունից եւ հայտարարելով, որ ինքը հավատում է Լավրովին, ոչ թե Մնացականյանին:

Լավրովը փաստորեն զանգահարում է կեսգիշերային սադրանքից հետո: Հետաքրքիր է, զանգահարում է սադրանքի «պտուղները» քաղելու՞, թե՞ Զոհրաբ Մնացականյանին հավաստիացնելու, որ ինքը կամ պաշտոնական Մոսկվան ընդհանրապես որեւէ կապ չունի այդ սադրանքի հետ:

Մեծ հաշվով, սադրանքը սկսել է իհարկե հենց Լավրովը՝ ապրիլի 21-ի հնգակողմ հանդիպումից առաջ արված հայտարարությամբ: Երեւանը դրան պատասխանեց բավական կոշտ, բացառելով փուլային տարբերակի քննարկումը, հայտարարեց կարգավիճակի եւ անվտանգության առաջնայնության մասին, նշելով, որ տարածքներ ասվածը հայկական կողմի համար պաշտպանական գիծ է, որը ենթակա չէ զիջման:

Ավելի ուշ, արդեն համանախագահների եւ նախարարների տեսակոնֆերանսից հետո, Մնացականյանը խորհրդարանում ակնարկեց, որ Լավրովի հայտարարությունն ադրբեջանցիներին բավարարելու համար էր: Հատկանշական է, որ Բաքուն չմնաց բավարարված: Լավրովի հայտարարությունն Ադրբեջանում առաջացրեց դժգոհություն Մամեդյարովի հանդեպ՝ անգամ Ալիեւի շրջապատի բացահայտ դժգոհությունը: Իսկ նախկին արտգործնախարար Զուլֆուղարովը հայտարարեց, թե Լավրովն ընդամենը Երեւանին տվել է դիրքորոշումը կոշտացնելու առիթ, եւ Ադրբեջանը չունի դիվանագիտական հաջողության որեւէ հեռանկար:

Ընդ որում, իբրեւ դրա վկայություն Ադրբեջանում մատնանշում էին հենց ապրիլի 21-ի հնգակողմ հայտարարությունը, որտեղ չկա Երեւանի՝ դրանից ժամեր առաջ արտահայտած կոշտ դիրքորոշման որեւէ գնահատական, կամ այլ կերպ ասած՝ կա այդ կոշտությանը համանախագահների համաձայնության նշան դիտարկվող լռություն:

Բաքուն ուժգնացրել է ռազմական հռետորաբանությունը, ինչն այդ հեռանկարի բացակայության հետեւանք է: Մյուս կողմից սակայն, ստացվում է, որ Լավրովը նաեւ Բաքվին տվել է այդ հռետորաբանությունը ուժգնացնելու «լեգիտիմ» առիթ:

Ըստ այդմ, փաստացի ստացվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարը բաց է թողել երկակի նշանակության սադրանք, թերեւս հետեւելով, թե այն ինչ ծավալում ու ազդեցություն է ունենում հայկական եւ ադրբեջանական ուղղություններում: Հանգամանքը, որ Լավրովն արդեն երկրորդ անգամ զանգահարում է Երեւան, հուշում է, որ հայկական ուղղությամբ նրա ակնկալիքը կամ սպասումը պաշտոնական Երեւանի մակարդակում արդարացված չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments