Կկարողանա՞ն Երևանն ու Մինսկը Մոսկվային բերել այդպիսի որոշման, և ով ինչ գին կվճարի դրա համար

- in Ով ով է ...

Ընթացիկ իրավիճակը կդառնա ԵՏՄ ամրության ստուգում, հայտարարել է Բելառուսի նախկին վարչապետ, ներկայումս ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նախօրեին Բելառուսի ներկայիս վարչապետի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հաղթանակի 75-ամյակի տարում, պարտված Գերմանիային Ռուսաստանը գազը վաճառում է զգալիորեն ավելի էժան, քան Բելառուսին: Լուկաշենկոն հայտարարել էր, որ դա պարզապես ամոթ է: Նա միաժամանակ ասել էր, որ բարձրացրել է գազի գնի իջեցման հարցը Մոսկվայի առաջ, բայց առայժմ ապարդյուն: Առայժմ ապարդյուն է նաև Երևանի ակնկալիքը: Հայաստանը ևս դիմել է սահմանին գազի գինը նվազեցնելու համար, բայց դեռևս չկա պատասխան:

Կասկածից վեր է, որ Մոսկվան չի գնա Հայաստանի կամ Բելառուսի համար առանձին որոշման: Այսինքն՝ եթե մերժվում են՝ ապա երկուսն էլ, եթե հավանության է արժանանում գազի գնի իջեցման ակնկալիքը, ապա երկուսի համար էլ: Այստեղ հարցն այն է, թե կկարողանա՞ն Երևանն ու Մինսկը Մոսկվային բերել այդպիսի որոշման, և ով ինչ գին կվճարի դրա համար, կամ որոշման, որը չի պահանջի գին: Իսկ այն, որ Մոսկվան ակնկալելու է քաղաքական գին գազը էժանացնելու դեպքում, կասկածից վեր է: Այդ համատեքստում, ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Մյասնիկովիչի հայտարարությունը՝ ԵՏՄ ամրության ստուգման առումով, հարց է առաջացնում՝ գազի գինն ամրության ստուգո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե գազի գինը ամրության ստուգում չէ՝ այն էլ ներկայիս իրավիճակում, երբ տեղի է ունեցել նավթի գնանկում, և նաև գազի գնի անկում Եվրոպայի համար, ուրեմն, եթե գազի գինը ամրության ստուգում չէ, ապա ի՞նչն է ամրության ստուգում: Այդ դեպքում ստացվում է, որ ստուգվում է պարզապես դաշնակիցների հետ հարաբերության հարցում Ռուսաստանի արհամարհանքի կամ մահակի ամրությունը:

Այլ կերպ ասած, կամ գազի գինը նվազում է, կամ Ռուսաստանը չի գնում այդ քայլին, և, ըստ այդմ, պարզ է դառնում կամ, ավելի շուտ, վերհաստատվում, որ ԵՏՄ-ն տնտեսական ընդհանուր միություն, տնտեսական շահերի ընդհանրություն չէ, այլ պարզապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի բավարարման մի համակենտրոնացման ճամբար, որտեղ Մոսկվայի համար անդամ մյուս երկրներն այլ բան չեն, քան որևէ այլ ուղղությամբ ռիսկ կամ կորուստ բավարարելու տնտեսա-քաղաքական հումքային աղբյուր: Այդ պարագայում արդեն ստացվում է, որ ստուգվում է կամ ԵՏՄ անդամ երկրների ինքնիշխանության ու պետական կամքի ու արժանապատվության, կամ համակենտրոնացման ճամբարի փշալարերի ամրությունը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments