Կոմպրոմատների պատերազմը թափ է հավաքում

- in Կարծիք

Չնայած շարունակվող արտակարգ դրությանը՝ Հայաստանում քաղաքական կյանքը եռում է: Կետերից մեկը, որտեղ բախվում են քաղաքական թիմերի շահերը, ակտիվների վերահսկողությունն է: Նոր թիմը չի վերահսկում ակտիվներն ու հիմնական ենթակառուցվածքները, իսկ դրանց տիրապետող ուժերը բաց չեն թողնում ձեռքից, անգամ եթե պետք լինի «նստել»:

Հայաստանում կոմպրոմատների ալիք է սկսվել: Իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավոր, վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանն ակնարկել է, որ «Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում էր՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց»:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի խոսնակը գրել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միքայել Մինասյանի փայաբաժինը ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ «իր հորը պատկանող ընկերությունը դարձրել կոմբինատի խոշոր փոխադրող»:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ իր հորը պատկանող ընկերությունը կոմբինատի հետ սկսել է աշխատել դեռ 2014 թվականից: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի», – ասել է Վանեցյանը։

Վանեցյանը 2020 թվականի փետրվարին, ի պատասխան Մինասյանի հետ գործարքի մեղադրանքների, ասել է, որ նրա հետ ծանոթ է շատ վաղուց, վերջին անգամ հանդիպել է նրան ԱԱԾ-ում, երբ տնօրեն էր, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ: Հանդիպման բովանդակության մասին գիտեն երեք հոգի, ասել էր Վանեցյանը:

Վանեցյանը, փաստորեն, բաց տեքստով ասում է, որ եթե անգամ անօրինական գործողություններ եղել են, ապա համաձայնեցվել են Փաշինյանի հետ: Ի՞նչ է դրանով ակնարկում Վանեցյանը:

Կոմպրոմատների պատերազմը թափ է հավաքում: Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում Երեւանից Աֆղանստան տեղափոխվող 40 տոննա ծխախոտով բեռնված ինքնաթիռ է «կալանվել»: Նախկին իշխանությունների հետ կապված լրատվամիջոցները գրում են, որ դրա հետեւում կանգնած է Փաշինյանի աներձագը, ով հերքել է այդ տեղեկությունը:

Կողմերը վա-բանկ կգնա՞ն եւ կբացե՞ն ներքաղաքական պայքարի տնտեսական կողմը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments