ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որ տեղ մասնակցել է նոր կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու առողջացած պացիենտների դուրս գրմանը։ Այս մասին Արսեն Թորոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում եմ կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում…»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։

Նախարարը հանդիպման սկզբում ասել է,  որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։

«Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Ներկաները քննարկել են կիրառվող գործելակարգերը, ընդհանուր մոտեցումները և ներկայացրել են իրենց դիտարկումները պացիենտների վարման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։

Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։

Ծառայության պատասխանատուների կողմից առաջարկվել է ստեղծել նաև մշտադիտարկում իրականացնող մասնագիտական խումբ, ովքեր բժշկական կազմակերպություններում կուսումնասիրեն բուժական գործընացը, կիրառովող մեթոդները և այլն։

Քննարկվել է նաև հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպել տեսակապով քննարկումներ, այդ թվում մասնագիտական խորհրդատվություններ և առանձին դեպքերով կոնսիլիումներ։

Նախարարը հավանության է արժանացրել առաջարկը և հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ առաջիկայում իրագործելու համար։

Ամփոփելով հանդիպումը որոշվել է ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ հաստատված բուժման սկզբունքները, համապատասխանեցնել նոր մոտեցումներին՝ դիտարկելով բոլոր կողմերի մասնագիտական կարծիքները։

Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով մասնագետների հետ քննարկումը, հույս է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։