Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն․ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք

- in Պաշտոնական

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն․ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք։ Արձանագրվել է 70 մահ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված մեր հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ։ Եվ այնտեղից զարմանալի փաստեր իմացա՝ նույնիսկ այն մասին, որ հանրության շրջանում նույնիսկ քննարկվում է, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ՝ դրական ախտորոշումով։ Եվ դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարեւոր է հիվանդների եւ մահերի թիվը եւ այլ հիվանդությունների եւ մահերի թիվը գրանցում են, որպես կորոնավիրուսով առաջացած մահեր»,- ասաց վարչապետը։

Նա դիմելով քաղաքացիների եւս մեկ անգամ ընդգծեց կորոնավիրուսի առաջին օրվանից Կառավարությունը որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չի հաղորդել։

«Եվ ի վերջո մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որեւէ մանիպուլյատիվ գործողություն եւ տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է քան պատկերացնում ենք եւ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցներին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս փուլում իրենց մարտավարությունը հետեւյալն է.

«Մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու։ Ընդ որում գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է ապահովել։ Մենք այս համատեքստում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետեւ քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված՝ նաեւ սոցիալական ցանցերում։ Թե ինչո՞ւ օրինակ, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում։ Կարծում եմ շատ արդարացի եւ ճիշտ դիտարկում է։ Մենք պետք է ապահովենք, որ պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ կարող են լինել այն ժամանակ, երբ որ իրենց աշխատասենյակներում միայնակ են։ Մնացած բոլոր դեպքերում պետք է պարտադիր կրեն՝ այդ թվում միջանցքներում։ Նաեւ ճաշարաններում պետք է ապահովել պայմաններ, որպեսզի պատշաճ սոցիալական պայմաններ ապահովվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պարետատունը անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի։ Իսկ ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության։

«Ընդ որում ես երեկ երեկոյան՝ տուն վերադառնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ՝ ո՛չ հաճախորդները ո՛չ վարորդները չեն պահում, ինչը նույնպես փակ տարածք է։ Հանրային տրանսպորտում պարետատունը սահմանել է պայմաններ իրավաբանական անձանց համար, թե համաճարակային ինչ կանոններով պետք է առաջնորդվեն այս շրջանում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն պահպանեն՝ այդ կանոնները չպահպանող՝ ընկերությունների, իրավաբանական անձանց նկատմամբ։

«Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, երեւի այդքան էլ պատեհ չէ արձանագրել, բայց առաջինը՝ նախ պետք է պահել սոցիալական հեռավորություն։ Եթե բաց տարածքներում սոցիալական հեռավորության պահպանման հարցում վստահ չենք, իրար հետ խոսելիս պետք է պարտադիր հաղորդակցվել դիմակ ունենալով կամ սոցիալական պատշաճ հեռավորությունը պահելիս։ Որովհետեւ խոսելու ընթացքում վարակվելու հավանականությունը շատ մեծ է»,- ասաց վարչապետը։

Նա դարձյալ դիմելով քաղաքացիներին եւ գործընկերներին ասաց. «Սիրելի հայրենակիցներ՝ հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ եկեք այսպես ասած փչացած հեռախոսի ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածենք կորոնավիրուսի մասին։ Կորոնավիրուսի մասին ՀՀ կառավարության տված բոլոր տեղեկությունները եւ գնահատականները օբյեկտիվ են եւ համապատասխանում են իրականությանը»։

Փաշինյանը նշեց՝ այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են՝ դրանք կապված են վիրուսի մասին նոր իմացության, նոր պրակտիկայի ձեռքբերման հետ։

«Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է։ Այսօր աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, թե 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը եւ նոր գիտելիքի կամ նախկինում արձանագրված գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա։ Խնդրում եմ եկեք արձանագրենք այս լրջությունը։ Ինձ համար գործնական եւ գաղափարական առումով կորոնավիրուսի դեմ պայքարի կա մի գերարդյունավետ միջոց՝ դա անհատական պատասխանատվությունն է։ Սրանից ավելի էֆեկտիվ միջոց չի կարող լինել, իհարկե՝ զուգահեռ նաեւ այլ միջոցներով։ Եվ մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության՝ այդ թվում մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակում։ Եվ ես խնդրում եմ, որ մենք բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք՝ հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,- ասաց վարչապետը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments