Գրեթե, համակերպվել էի այն մտքի հետ, որ մեկուսացման մեջ հյուրանոցում ևս մեկ օր եմ անցկացնելու, երբ զանգահարեցին ու ասացին, որ կորոնավիրուսի երկրորդ թեստիս արդյունքը բացասական է։

Այդ լուրին, առաջին թեստի դրական լինելն իմանալուց հետո սպասել էի 11 օր։ Այնքան անակնկալ ու այդ պահին անհավատալի էր թեստի բացասական լինելու մասին տեղեկությունը, որ, նույնիսկ, չհարցրեցի, թե երբ կարող եմ տուն գնալ։ Մեկուսացման մեջ գտնվելն սկսեց այլևս տհաճություն չպատճառել։

Թեստի բացասական արդյունքի մասին տեղեկացրի հարազատներիս ու ընկերներիս և սկսեցի մտածել այն մասին, թե որն է լինելու հյուրանոցից դուրս գալուց հետո հաջորդ քայլը։ Հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրվանից, ապա նաև հյուրանոցում, ծրագրում էի, թե ինչ պետք է անեմ, երբ տեղեկանամ, որ ապաքինվել եմ ու մեկուսացումից ազատություն ստանամ, բայց թեստի բացասական արդյունքն իմանալուց հետո ստացած դրական էմոցիաները չէին թողնում կառավարել մտքերս ու նախատեսվող անելիքներիս հաջորդականություն տալ։ Այդ պահին ցանկանում էի անել ամեն ինչ ու միանգամից։

Արդեն երեկո էր ու կարծում էի, թե տուն կվերադառնամ հաջորդ օրն առավոտյան, երբ համարում դրված հեռախոսի զանգը լսվեց երկրորդ անգամ։ Բժշկուհին ասաց, որ կարող եմ գնալ տուն։ Վերջին 11 օրվա ընթացքում ինձ որևէ վայրից մեկ այլ վայր տեղափոխում էին բացառապես շտապօգնության մեքենայով, այնպես, որ չվտանգեմ որևէ մեկի առողջությունը, սակայն այս անգամ ասացին, որ, ապաքինված լինելով, տուն կարող եմ գնալ ինքնուրույն։ Իրերս հավաքելուց և ինձ հյուրընկալած սենյակին հրաժեշտ տալուց հետո ուղևորվեցի դեպի հյուրանոցի ընդունարան։

Քայլում էի հանգիստ, առանց շտապելու, առանց վախենալու, որ կվարակվեմ կամ կվարակեմ որևէ մեկին. նախ՝ վարակն ամբողջովին միջիցս դուրս էր եկել, հետո էլ՝ տեղանքում, բացի հատուկ հանդերձանքով բուժաշխատողներից, ուրիշ ոչ ոք չկար: Քայլերի այդպիսի հանգստություն ու ինքնավստահություն ունեի նաև այն օրը, երբ տնից դուրս եկա ու մոտեցա շտապօգնության մեքենային՝ հիվանդանոց տեղափոխվելու նպատակով:

Մինչ բժշկուհին դասավորում էր կորոնավիրուսային հիվանդությունս հաղթահարելու մասին փաստաթղթերը, նրանից ձեռնոց ու դիմակ խնդրեցի: Գործընթացի ավարտից հետո աշխատակիցներին հաջողություն մաղթեցի ու դուրս եկա հյուրանոցից: Միանգամից հայտնվեցի ազատության մեջ, կարող էի գնալ որտեղ ցանկանամ, կարող էի անել այն, ինչ կանցներ մտքովս: Ազատությունն այդքան մանրամասն երբեք չէի զգացել: Մեկուսացման մեջ գտնվել էի երկու շաբաթից մի փոքր պակաս, սակայն այդ ժամանակահատվածն ամբողջ հավերժություն էր թվում:

Առաջին ցանկությունը հնարավորինս շուտ տուն հասնելն ու ընտանիքիս անդամներին գրկելն էր, քանի որ հիվանդանոց տեղափոխվելու օրն իրար հրաժեշտ էինք տվել, առանց գրկախառնվելու, սակայն, երբ հասա տուն, այդ գործողությունն իրեն երկար սպասեցնել տվեց:

Տուն մտնելուց հետո կանգ առա դռան դիմաց, բոլորն այն իրերը, որոնք ինձ մոտ էին, առանձնացրեցին, ախտահանեցին, իսկ ես այդ ընթացքում պարզապես քարացած կանգնած էի, որպեսզի որևէ շարժմամբ հագուստիս կամ իրերիս վրայի հնարավոր վարակի բացիլները հանկարծ չտարածեմ տնով մեկ: Այդպիսի զգուշություն էի դրսևորում նաև այն ժամանակ, երբ քայլում էի հիվանդանոցի միջանցքում, իսկ բժշկուհին ախտահանում էր անցած ճանապարհս:

Մի քանի րոպե տևած ախտահանման գործողությունից հետո, երբ փոխել էի հագուստս, լվացվել ու ախտահանել ձեռքերս, տեղի ունեցավ գրկախառնության այն գործողությունը, որին երկար էի սպասել, այդպիսով ազդարարելով բնականոն կյանքին վերադարձն ու կորոնավիրուսային հիվանդության լիարժեք հաղթահարումը:

Վարակի հաղթահարումը տևեց մոտ 21 օր. մայիսի 4-ին նկատեցի առաջին ախտանշանները՝ չոր հազ, ջերմություն և թուլություն, մայիսի 12-ին կորցրի հոտառությունս, որը վերականգնվեց միայն 8 օր անց, իսկ մայիսի 25-ին արդեն լիարժեք ապաքինված ու թեստի բացասական արդյունքով վերադարձա տուն:

Այսօր արդեն ավելի համոզված կարող եմ ասել, որ կորոնավիրուսային հիվանդությունը դատավճիռ չէ, այն վարակ է, որից, ցավոք, լիարժեք ապահովագրված մարդիկ չկան, բայց պետք է ամուր լինել ու հաղթահարել այն։ Ինչպես արդեն հայտնի դասական դարձած արտահայտությունն է ասում՝ կորոնավիրուսից հետո կա՛ կյանք…

Նորայր Շողիկյան

Spread the love