Կրեմլն ու ուժային կենտրոնները շատ լավ են պատկերացնում, որ Հայաստանում որևէ հեղաշրջմամբ հնարավոր չէ հարց լուծել

- in Հրապարակ

Վերջին շաբաթների ներքին բուռն կյանքը և ուժգնացած ներքաղաքական զարգացումները առիթ են տվել վարկածի, որ Հայաստանում փորձ է արվում իրականացնել հեղաշրջում, որի միջոցով Կրեմլը փորձում է հասնել արցախյան գոտում ռազմական ներկայություն հաստատելու:

Այն, որ Կրեմլը ամենևին դեմ չի լինի այդպիսի սցենարի, և այն, որ Կրեմլը իր ռազմավարական դիտարկումներում ունի արցախյան գոտում ռազմական ներկայությամբ ռեգիոնալ գերակայության հասնելու և այդպիսով նաև աշխարհաքաղաքական դիրքը բարելավելու ծրագիր, կասկած չկա: Մեծ հաշվով, Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական բանակը բախվել է ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի և հետ է մղել ոչ միայն դա, այլևս ռուսական այդ ծրագրերը, որոնք մտքում ունենալով է Մոսկվան, ըստ էության, հովանավորել ադրբեջանական ագրեսիան: Այլ հարց է, որ հաշվարկը չարդարացավ, քանի որ հայկական բանակը ոչ թե փախուստի դիմեց և դիմեց Ռուսաստանի օգնությանը, որի միջոցով էլ պետք է իրագործվեր խաղաղապահ-ռազմական ներկայության պլանը, այլ դիմադրեց և անգամ անցավ հակագրոհի: Հենց այդտեղ է, որ Մոսկվան միջամտեց, և հաստատվեց հրադադարը, ըստ էության, անգամ ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ արգելակելով հայկական կողմի հակահարձակումը: Իհարկե, մեծ հաշվով, արգելակվել է մասշտաբային, ռեգիոնալ պատերազմը, քանզի հայկական հակահարձակումը, մեծ հարված լինելով Բաքվի համար, այդուհանդերձ կապիտուլյացիա չէր պարտադրելու Բաքվին, պետք է լինել իրատես:

Ի վերջո, այսօր թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը չունեն միմյանց հանդեպ ռազմական հաղթանակի ներուժ, կամ արագ հաղթանակի ներուժ, և, ըստ այդմ, ամենևին հայկական բանակի մարտունակության և պատվի նվազեցում չէ, եթե արձանագրենք, որ մենք ուղղակի թույլ չենք տա Բաքվին ունենալ ռազմական հաջողություն՝ ինչպես ցույց տվեցինք ապրիլին, սակայն, միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների տևականությունն ուղղակի լինելու է մաշող ու ռեգիոնալ պատերազմի սկիզբ, ընդ որում՝ այլևս ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար և նրանց մասնակցությամբ: Դա, իհարկե, այլ հարց է, որ կքննարկենք այլ առիթներով: Վերադառնալով արցախյան գոտում ռազմական ներկայության Կրեմլի ռազմավարական հեռահար ծրագրին և ցանկությանը, թեև պետք է նկատել, որ այդ առումով Կրեմլը, թերևս, միակ ուժային կենտրոնը չէ, այդուհանդերձ հարկ է արձանագրել մի բան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը առավել քան հստակ ցույց տվեց թե՛ Կրեմլին, թե՛ մյուս ուժային կենտրոններին, որ հայկական պետականության սահմանների պաշտպանություն իրականացնում է հայ ժողովուրդն ու ժողովրդից սերող ազգային բանակը, ոչ թե որևէ իշխանություն:

Ըստ այդմ, Կրեմլն ու ուժային կենտրոնները շատ լավ են պատկերացնում, որ Հայաստանում որևէ հեղաշրջմամբ հնարավոր չէ այդպիսի հարց լուծել, որովհետև հնարավոր չէ հեղաշրջումով փոխել ժողովուրդ: Իսկ պահողը, ինչպես արձանագրեցինք, ժողովուրդն է: Միաժամանակ, այդ նույն ժողովուրդն իրականացրել է նաև թավշյա հեղափոխությունը, և, իհարկե, ամեն ինչ հետ շրջելու հարցում, թերևս, ունենալով մեծ շահագրգռություն, այդուհանդերձ, Ռուսաստանում, թերևս, մի բան կգիտակցեն ու կպատկերացնեն, որ ժողովրդական հեղափոխությունը հետ շրջելու որևէ փորձ, մեծ հաշվով, ոչ թե լինելու է Արցախում ռազմական ներկայության, այլ անգամ Հայաստանում ներկայությունից զրկվելու ճանապարհ: Ռուսաստանում ներկայումս բավականին բարդ ու խառը իրադրություն է ներիշխանական համակարգում, և այդ իմաստով, Հայաստանի հանդեպ պատկերացումները միատարր չեն, բայց Հայաստանում տեղի ունեցածը հետ շրջելու անհնարինությունն ու հենց Ռուսաստանի համար վտանգավորությունը, թերևս, հասանելի կլինեն իրապես ռուսական պետականության անվտանգության մտահոգ շրջանակներին:

Միաժամանակ, սակայն, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը ռուսական շրջանակները շարունակելու են դեռ տևական ժամանակ, և պետք է պատրաստ լինել այդ պատերազմը վարելուն և հաղթելուն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments