Արցախի նոր նախագահի ընտրության պաշտոնամուտին ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հեղափոխություն-հակահեղափոխություն թեմային, որն առավել ուժգին շոշափվում էր հենց Արցախի ուղղությամբ:

Ընդհանրապես, թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ուժեր եւ մարդիկ Արցախը եւ այնտեղ ներքին գործընթացները հռչակել էին հակահեղափոխության օջախ, կոչ անելով իշխանությանը ձեռնարկել հեղափոխական քայլեր:

«Ի սկզբանե իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղափոխության թատերաբեմ: Արցախը չէր կարող լինել հակահեղափոխության թատերաբեմ, որովհետև մեր ժողովրդի մի հատվածը ի բնե որևէ սցենարով չի կարող և չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին: Արցախը հեղափոխության թատերաբեմ դառնալու կարիք չուներ էլ, որովհետև ինչպես ասել եմ, Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղափոխության լիարժեք մասնակից էր և հետո՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը, իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարությանը», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա արձանագրել է, որ խորհրդարանի եւ նախագահի ընտրությանը վստահ հաղթանակ են տարել հենց այդ ուժերը:

Այդպիսով, արդյոք վարչապետ Փաշինյանն ազդարարել է հակահեղափոխության թեմայի ավարտը, առնվազն Արցախում:

Համենայն դեպս, վաղուց դրա ժամանակն է, իհարկե ոչ միայն Արցախում, այլ Հայաստանում: Հակահեղափոխությունն անշուշտ հեղափոխությունը պահելու լավագույն, կամ ամենահարմար միջոցներից մեկն է, բայց այնպիսի միջոց, որը հեղափոխությունը մսխում, սպառում է խորքից:

Միաժամանակ, հակահեղափոխությունը միջոց է նաեւ մի շարք քաղաքական ուժերի համար՝ սեփական ակտուալությունը պահելու համար, քանի որ բովանդակային այլ առումով նրանք չունեն այդ հարցը լուծելու կարողություն: Ի վերջո, հեղափոխությունը չափազանց բարդ վիճակ է ստեղծել ոչ միայն նախկին իշխող համակարգի, այլեւ այդ համակարգին նախկինում ընդդիմադիր մի շարք խմբերի համար: Չկա այդ համակարգը՝ չկան նրանք, որպես քաղաքական գործոն: Ըստ այդմ, հակահեղափոխության վերահաս վտանգի գեներացիան կենսական է նաեւ նրանց համար, ընդ որում միաժամանակ երկու խնդիր լուծելու առումով՝ պահպանել ակտուալություն, եւ միաժամանակ թիրախավորելով իշխանությանը՝ փորձել հավաքել քաղաքական կապիտալ հաջորդ ընտրության համար:

Եվ, ի վերջո, հակահեղափոխության վերահաս վտանգը պետք է նաեւ նախկին իշխանությունը ներկայացնող խմբերին, որովհետեւ դա էլ չմոռացվելու եւ թեկուզ անընդհատ իբրեւ վտանգ, բայց քաղաքականապես ողջ մնալու հնարավորություն է:

Այդպիսով, «հակահեղափոխության վերահաս վտանգը» գործնականում այս կամ այն կերպ շահեկան է թերեւս բոլոր քաղաքական դերակատարներին, եւ ձեռնտու չէ հանրությանը, քանի որ քիչ ընդհանուր բան ունի հանրային հեռանկարային շահի հետ:

Բանն այն է, որ հակահեղափոխության վերահաս վտանգի մասին խոսելը գործնականում նշանակում է խոսել այն մասին, որ հանրությունը դադարել է գոյություն ունենալ որպես սուբյեկտ: Որովհետեւ, եթե կա հանրություն սուբյեկտ, ապա չի կարող լինել հակահեղափոխություն, հեղաշրջում, դավադրություն երեւույթ կամ վտանգ: Այդօրինակ վտանգները առաջանում են, երբ երկրում չեզոքանում է հանրությունը որպես սուբյեկտ: Ըստ այդմ, պետք է հստակեցնել, կամ մեկը կա, կամ մյուսը:

Spread the love