Հաղթանակը պետք է ամրապնդել առօրյա կյանքում. մշակույթի գործիչները՝ Եռատոնի մասին

- in Մշակույթ

Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ի եռատոնի խորհուրդը հաղթանակի ամրապնդումն է ոչ միայն ռազմի դաշտում, այլև խաղաղ ժամանակներում:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի առիթով «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները կարևորեցին բոլոր նվաճումները՝ հաղթանակը բոլոր սերունդներինն է:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ հաղթանակի ամբողջ իմաստը կորչում է, եթե այն չի ապահովում բարեկեցիկ և զարգացող կյանք:

«Կարծում եմ՝ հաղթանակը պարտավորեցնող է: Առօրյա կյանքում պետք է ամրապնդել հաղթանակն ու իմաստավորել այն: Պատերազմը թվում է՝ ավարտվում է մարտի դաշտում, իրականում այն շարունակվում է խաղաղ կյանքում՝ լինի տնտեսության մեջ, լինի մշակույթում, լինի դիվանագիտության մեջ, բիզնեսում»,-շեշտեց նա ու հավելեց, որ բոլոր բնագավառներում մշտապես պետք է պատասխանել մարտահրավերներին և լինել մեկ գլուխ ավելի բարձր, ավելի զարգացած, քան հակառակորդներդ:

Գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, անդրադառնալով Շուշիի ազատագրմանը, ընդգծեց, որ այն էական նշանակություն ունեցավ մեզ համար և մեծ ազդեցություն թողեց պատերազմի հետագա ընթացքի վրա: «Մենք, որ Տիգրան Մեծից հետո տարածքներ չէինք գրավել, անկախություն չէինք ունեցել երկար տարիներ, հետ վերցրինք մեր հողը, և դա մեծ խթան հանդիսացավ երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար և ոչ թե գրականությամբ կամ բառերով, այլ Շուշիի ազատագրման վառ օրինակով»,-ասաց Բախչինյանը:

Նրա կարծիքով՝ գրավմանը մասնակցած բոլոր զինվորները ոսկե տառերով գրեցին իրենց անունները պատմության մեջ, իհարկե, առաջին հերթին հրամանատարները. «Նրանք, ովքեր ղեկավարում էին այդ օպերացիան, որը ընդամենը երկու օր տևեց և  ճակատագրական նշանակություն ունեցավ մեզ համար»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments