Համանախագահների կանխարգելիչ զանգը. Ռուսաստանը ծանր վիճակում է

- in Ով ով է ...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անցնող երկու օրերին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ նրանց հետ քննարկելով համավարակից հետո հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Մինսկի խմբի համանախագահների քննարկումը անկասկած առնչվում է իրադրության, առնվազն հռետորաբանության տեսանկյունից, բավականաչափ սրմանը, որի աղբյուրը անշուշտ Ադրբեջանն է: Ադրբեջանական պաշտոնական շրջանակներն ու մեդիան ուժգնացրել են ռազմական հռետորաբանությունը, միաժամանակ Բաքուն խոշոր զորավարժություն է անցկացնում Արցախի ուղղությամբ և Նախիջևանում, այսինքն՝ դե ֆակտո Երևանի ուղղությամբ:

Այդ ամենին ի պատասխան Երևանը ևս սկսեց զորավարժություն՝ ցուցադրելով իր ռազմական նոր ձեռքբերումները, հայտարարելով, որ հատկապես 2019-ին դրանց ծավալը եղել է աննախադեպ, ցուցադրելով հեռահար հրթիռներն ու հարվածային անօդաչուները: Միաժամանակ Հայաստանը կոշտ հայտարարեց կարգավիճակի և անվտանգության զիջման ենթակա չլինելու մասին: Այլ կերպ ասած՝ դա ազդակ էր Ադրբեջանին, որ ռազմական որևէ փորձ բախվելու է նույնքան կոշտ ռազմական հակադարձման: Եվ անկասկած է, որ ռազմական որևէ սադրանք այլևս կարող է չսահմանափակվել, այսպես ասած, ապրիլյան շրջանակով, այլ վերածվել ռեգիոնալ լուրջ բախման:

Համանախագահների զանգերը ըստ ամենայնի պայմանավորված են այն հանգամանքով, որ բախման հեռանկարը չանցնի հռետորաբանությունից այն կողմ: Այդ իմաստով զանգերը թերևս ունեն կանխարգելիչ նշանակություն, թեև իրական քաղաքականության տրամաբանության ռեժիմում Ադրբեջանի ռազմական սադրանքի գործնականացումը քիչ հավանական է: Բանն այստեղ լոկ կորոնավիրուսը չէ, այլ այն, որ խոշոր խաղացողներից որևէ մեկը ներկայումս պատրաստ չէ ռեգիոնալ այն աղետին, որ կարող է բերել ադրբեջանական նոր ագրեսիան կամ Ադրբեջանի միջոցով նոր ագրեսիան: Այդուհանդերձ, կանխարգելիչ գործուն քայլը անշուշտ չի խանգարում:

Ամբողջ հարցն այն է, թե այդ իրավիճակում ինչպիսի խնդիրներ են հայտնվում սեղանին, և ինչ լուծում են ստանում դրանք, որոնք Արցախի հարցի հետ ուղիղ կապ չունեն, սակայն էապես առնչվում են ներգրավված կենտրոնների և սուբյեկտների, կողմերի շահերին:

Ահա այստեղ է, որ հետաքրքրության են արժանի գազի գնի հարցում ռուսական դիրքորոշումը և ընդհանրապես Հայաստանի հանդեպ ռուսական որոշ շրջանակների բավականին, մեղմ ասած, անբարյացակամ, իսկ ընդհանրապես բավականին ագրեսիվ արտահայտությունները: Դրանք թերևս վկայում են, որ Երևանի պահվածքը լայն իմաստով բերում է նրան, որ Մոսկվան պետք է վերջնագրով խոսի կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի հետ:

Մինչդեռ Ռուսաստանը նաև լավ է հասկանում, որ Հայաստանի հետ վերջնագրով երկար խոսելու ռեսուրսը սահմանափակ է, ու դա սահմանափակ է նաև հենց այն, այսպես ասած, դաշնակցային փաստաթղթերով, որոնք կնքված են: Ռուսաստանը իրական քաղաքականության առումով արհամարհել է դրանք տարիներ շարունակ, սակայն ռազմավարական հեռանկարում դրանք իրականում աշխատում են հենց Ռուսաստանի «դեմ», հատկապես, երբ Երևանն իր քայլով որևէ առիթ չի տալիս Մոսկվային այդ պայմանագրերը Հայաստանի դեմ շրջելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments