Հայաստանում թեև դեռևս շարունակում է արդիական մնալ և առաջիկա շաբաթներին գուցե դեռ արդիականանալ կորոնավիրուսի առողջական հետևանքի խնդիրը, այդուհանդերձ անկասկած է, որ բավականին ընդգծվում է տնտեսական հետևանքի հարցը, և օրակարգում իր դանդաղ, սակայն բավականին համառ տեղն է զբաղեցնում քաղաքական հետևանքի հարցը:

Անկասկած է, որ համավարակի իրավիճակը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում իր ազդեցությունն է բերել քաղաքական դիրքավորումներում և հարաբերություններում, երբ սուբյեկտներից յուրաքանչյուրը փորձում է իրավիճակը ծառայեցնել իր օգտին: Նկատելի է, որ համավարակի հանգամանքը կառավարության համար լինելով առողջապահական և տնտեսական մարտահրավեր՝ միաժամանակ նաև տալիս է գործիքակազմ հանրային գործընթացները կառավարելիության տակ պահելու համար:

Համավարակը կոշտ քայլերի և կարգավորումների լեգիտիմ հնարավորություն է առանց այդ էլ լեգիտիմության խնդիր չունեցող կառավարության համար: Այստեղ, իհարկե, պատկերը հարաբերական է՝ հաշվի առնելով այն, որ կառավարության քաղաքական ռիսկերը ուժգնանում են հենց համավարակի հետևանքով, ու առաջանում է բավականին պարադոքսալ մի իրավիճակ:

Համավարակը ուժգնացնում է մարտահրավերները նաև քաղաքական ճակատում, դրանց գումարվում են արտաքին քաղաքական տիրույթից եկող օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերներ՝ մասնավորապես Մոսկվայից, միաժամանակ համավարակով լեգիտիմացված արտակարգ դրությունը տալիս է մարտահրավերները առնվազն զսպելու, կոշտ գործիքակազմի հնարավորություն, սակայն բաց է մնում հարցը՝ ինչ է լինելու դրանից, այսինքն՝ արտակարգ դրության չեղարկումից հետո, երբ կոշտ գործիքակազմի մի զգալի մասն այլևս չի լինի կիրառելի:

Պարադոքսն այն է, որ այդ ժամանակ մարտահրավերները չեզոքացված չեն լինի, և որևէ պարագայում կարծես թե գործիքները ավելի շուտ կարող են հանվել, քան չեզոքանալ մարտահրավերները: Դա կառավարության համար քաղաքական լուրջ խնդիր է, որն, օրինակ, արտահայտվում է նաև սահմանադրական դատարանակազմի հանրաքվեի շուրջ ստեղծված վիճակով: Կառավարությունը փորձում է գտնել դրանից ելք և սկսել է աշխատանք Եվրոպայի խորհրդի՝ Վենետիկի հանձնաժողովի հետ:

Մյուս կողմից՝ անկասկած է, որ համավարակի «պիկ» տանող ճանապարհը փորձում են առնվազն հակաքարոզչության արդյունքի պիկ ստանալու համար օգտագործել կառավարող մեծամասնության զանազան ընդդիմախոս խմբերը՝ թե՛ նախկին իշխանությունից, թե՛ նաև այլ շրջանակներից: Ընդ որում, կասկածից վեր է, որ հաշվարկը կատարվում է հենց վերը բերված «պարադոքսի» վրա, որ ինչ-որ պահի մարտահրավերների և գործիքակազմի հարաբերակցությունը կարող է չլինել հօգուտ կառավարության, ինչն էլ նրանց ակնկալմամբ՝ քաղաքական կամ հոգեբանական ճնշման պիկի պարագայում կարող է բերել կառավարությանը քաղաքական իրողություններ պարտադրելուն:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •