Հայաստանը մնացել է միակ երաշխիքը. Լավրովի ծանր զրույցը

- in Կեղտոտ լվացք

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են տուրիզմի ու կորոնավիրուսի հարցեր: Տուրիզմն ու կորոնավիրուսը սակայն հնարավոր է ավելի էական հարցերի «կամուֆլյաժն» են, նկատի ունենալով այն զարգացումները, որ ծավալվում են Լիբիայում:

Բանն այն է, որ այնտեղ թուրքական հովանին վայելող կառավարական ուժերը հարվածներ են հասցնում գեներալ Հավթարի բանակին: Տրիպոլիին մոտեցած Հավթարը, որ վայելում էր ռուսական աջակցություն, ստացել է ծանր հարվածներ:
Համացանցում տարածվում են տեղեկություն ու տեսանյութեր Հավթարի բանակի կորուստների մասին, այդ թվում ռուսական զինտեխնիկայի, ընդ որում արդիական համարվող զինտեխնիկայի:

Նշանակու՞մ է դա արդյոք, որ Լիբիայում ի դեմս Հավթարի հարվածներ է ստանում Ռուսաստանը, թե՞ Ռուսաստանը հանձնել է Հավթարին, այն բանից հետո, երբ Մոսկվայում նա մերժեց Պուտինի եւ Էրդողանի հովանու ներքո համաձայնության փորձը: Արդյոք Հավթարն այդպիսով մերժեց Պուտինին: Թե՞ Ռուսաստանը Լիբիան հանձնում է ներկայում, գուցե փորձելով «փոխանակել» Հավթարին կովկաս-մերձավորարեւելյան ռեգիոնի համատեքստում մարտի 5-ին Էրդողանի հետ ձեռք բերած համաձայնության հետ:

Էրդողանն այդ համաձայնությունից հետո հայտնվեց ակնհայտորեն խաբված վիճակում, երբ դրան հաջորդեց կորոնավիրուսի համաշխարհային վարակի առիթով աշխարհքաղաքական կարանտինը: Թուրքիան հայտնվեց «տրենդից» դուրս: Չի բացառվում, որ միեւնույն ժամանակ էլ ԱՄՆ ու Չինաստանի միջեւ հայտնված Ռուսաստանը փորձում է Անկարայից «գլուխն ազատել» Լիբիայով, Էրդողանին այսպես ասած «հաղթանակի զգացում» պատճառելու եւ այդպիսով մարտի 5-ին սիրիական հարցում նրա խաբվածության զգացումը մեղմելու համար:

Միեւնույն ժամանակ, նկատելի է, որ Անկարան Ադրբեջանի միջոցով բավականին ուժգնացնում է ՌԴ վրա ճնշումը Կովկասի առումով: Ադրբեջանը հայտարարելով զորավարժության մասին, գրեթե վերջին պահին ազդարարեց նաեւ, որ զորավարժություն կանի նաեւ Նախիջեւանում: Կասկածից վեր է, որ Նախիջեւանում տեղի ունեցողը Թուրքիան է, Բաքուն այնտեղ իշխանություն չունի վաղուց: Իսկ Ռուսաստանի համար Կովկասում կայունությունը ներկայումս հույժ կարեւոր է, քանի որ Մոսկվայի համար բարդ է ոչ միայն աշխարհքաղաքական եւ աշխարհտնտեսական միջավայրը, այլ նաեւ ներքին իրադրությունն ու այդ ֆոնին իշխանության հարցի առկայությունը:

Այդ ֆոնին ուշագրավ է հայ-ռուսական հարաբերության լարվածության նկատելի աճը: Դա իհարկե բազմաշերտ իրողություն է, եւ այդպիսին եղել է միշտ, սակայն դրանց շարքում է նաեւ մի կարեւոր հանգամանք: Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի դիմադրունակության թերեւս առանցքային գործոնը մնացել է Հայաստանի ինքնիշխանությունը: Խոշոր հաշվով, հետխորհրդային շրջանում ռուսական մեծապետականությունը ավելի ու ավելի է խրվել այդ հարցում ծանր դիլեմայի եւ անգամ երկատման առաջ: Մի կողմից՝ Հայաստանի հանդեպ լիակատար վերահսկողության մեծապետական հավակնությունն ու կայսերական բարդույթը, որի համար չի կարող գոյություն ունենալ ինքնիշխան Հայաստան: Մյուս կողմից՝ ռուսական մեծապետականության եւ կայսերական բարդույթի համեմատ ռեսուրսային սնանկությունը, որը գործնականում անհնար է դարձնում առանց ինքնիշխան Հայաստանի Թուրքիային զսպելու հնարավորության բացակայությունը:

Մոսկվան այդ իմաստով փորձում է նստել երկու աթոռի վրա, ձգտելով մի կողմից երաշխավորել ազդեցություն, մյուս կողմից ժամանակ առ ժամանակ խթանել դիմադրություն եւ գործել ինքնիշխանության իմիտացիայի սկզբունքով: Դա սակայն վտանգավոր է թե Ռուսաստանի, թե առավել եւս Հայաստանի համար: Հայաստանի անվտանգության երաշխիքն իրական ինքնիշխանությունն է, թեեւ դա խոշոր հաշվով նաեւ իրական ռուսական պետության անվտանգության երաշխիքն է: Անիրական, միայն հոգեբանության եւ բարդույթի մակարդակով գոյություն ունեցող եւ միայն ինքնահաստատման համար թույլ օղակ որոնող ռուսական պետականությունը անվտանգության որեւէ երաշխիք այլեւս չունի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments