Tank

Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիեւին, որին շնորհավորել է Ռամադան ամսի կապակցությամբ: Էրդողանն ու Ալիեւը քննարկել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարը: Մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները քննարկած լինեն նաեւ պայքարը Լիբիայում՝ ռուսական օդանավերի դեմ, որոնք ըստ տարածված տեղեկության Սիրիայից նետվել են լիբիական ուղղություն, օրերս Ռուսաստանի կրած հարվածները փոխհատուցելու համար:

Տրիպոլիի կառավարության եւ դրան աջակցող Թուրքիայի դեմ օդային աննախադեպ հարվածի մասին ազդարարել են Լիբիայի ազգային բանակ միավորումը գլխավորող գեներալ Հավթարի հրամանատարները: Հավթարը վայելում է Ռուսաստանի զինվորական շրջանակների աջակցությունը: Օրերս Հավթարի զորքերը ծանր հարվածներ ստացան թուրքական անօդաչուներից, կորցնելով նաեւ ռուսական գովական սպառազինության մի մասը: Այդ հարվածը փաստացի հարված էր նաեւ Մոսկվային:

Մոսկվան ըստ ամենայնի փորձելու է ռազմական օդանավերի ներգրավումով օգնել Հավթարին վերականգնել դիրքերը եւ արդյունավետ պայքարել թուրքական անօդաչուների դեմ:

Լիբիայում թուրքական հաջողությունից բավական ոգեւորված էր Ադրբեջանը: Ադրբեջանական պրոպագանդան այդ հաջողությունները ներկայացնում էր այնպես, կարծես խոսքը հենց Ադրբեջանի ռազմական հաջողության մասին է: Միաժամանակ պարզ է, թե ինչու էր Ալիեւին այդքան ոգեւորել Թուրքիայի հաջողությունը Լիբիայում, առավել եւս Ռուսաստանի դեմ պայքարում: Ալիեւն անշուշտ ակնկալում էր, որ այն կարող է տարածվել նաեւ Կովկասի ուղղությամբ, թեկուզ քաղաքական մթնոլորտի իմաստով, ստիպելով Ռուսաստանին զիջման գնալ այստեղ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի հաջողությունն Ալիեւի համար անձնական իշխանության հարց է, որովհետեւ տեւական ժամանակ ակնառու է, որ Ռուսաստանը Ադրբեջանի նախագահի պաշտոնին ցանկանում է տեսնել Մեհրիբան Ալիեւային:

Կորոնավիրուսը կանխեց Ադրբեջանում արագացած այդ գործընթացը: Մի բան, որը իբրեւ մարտահրավեր դիտարկում է նաեւ Անկարան: Ռուսաստանի համար այդ փոփոխությունը Ադրբեջանում ազդեցության ընդլայնման նոր հնարավորություն է:

Համաճարակն իհարկե չի կարող լինել այդ ընթացքի հուսալի եւ երկարաժամկետ արգելակ: Երկարաժամկետ իմաստով Ալիեւին անձնական իշխանություն պահելու համար անհրաժեշտ է Թուրքիայի առավելությունը Ռուսաստանի նկատմամբ: Իդլիբում դա չստացվեց, մի կողմից Մոսկվան ցուցաբերեց շատ թե քիչ սկզբունքայնություն՝ ռուս-թուրքական հարաբերության պատմության շրջանակում Մոսկվայի համար բավականին խորթ երեւույթ, եւ մյուս կողմից էլ դրա համար նպաստավոր իրավիճակ ստեղծեց Արեւմուտքը՝ Թուրքիային չցուցաբերելով էական աջակցություն:

Այդ իմաստով Լիբիայում Թուրքիան անում է ռեւանշի փորձ: Ռուսաստանը դարձյալ կլինի՞ սկզբունքային, թե՞ կվերադառնա ռուս-թուրքական հարաբերությանը պատմականորեն բնորոշ իր կեցվածքին՝ թյուրքական նկրտումների «միջին վարձատրությամբ» խնամակալի կարգավիճակին:

Դա պարզ կլինի առաջիկա օրերին: Միաժամանակ, Էրդողանի զանգը Ալիեւին վկայում է, որ Անկարան այդ առնչությամբ ունի անհանգստություն, եւ բացառված չէ, որ Ալիեւից ակնկալվում է իր ավանդական դերը՝ «շանտաժը», այդպիսով Մոսկվայի վրա ճնշում բանեցնելու առումով: Ընդ որում, հատկանշական է, որ Բաքուն մայիսի 22-ին արել էր հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիայի փորձ, կրելով կորուստ եւ հետ շպրտվելով: Սակայն, դա գուցե ընդամենը հետախուզություն էր, եւ Անկարան կարող է Բաքվից ակնկալել ավելի մասշտաբային շանտաժ: Այլ հարց է, կվերածվի՞ Ալիեւն Էրդողանի մահապարտի, թե ոչ, բայց հայկական կողմը պետք է բազմապատկի զգոնությունը:

Հայաստանն իհարկե որեւէ դեպքում պետք է կտրուկ եւ կոշտ հակահարված տա որեւէ ռազմական շանտաժի, սակայն տվյալ պարագայում այդ հանգամանքը ձեռք է բերում նաեւ մեկ այլ ընթացիկ իմաստ՝ թույլ չտալ Կովկասում ճնշել ռուսներին, տալով նրանց Լիբիայում սկզբունքային լինելու քարտ բլանշ եւ այդպիսով նաեւ ձեռք բերելով ՌԴ հետ արդեն Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցերում սկզբունքային եւ հաստատակամ դիրքի հավելյալ փաստարկ:

Spread the love