MIED dat

Ռամիլ Սաֆարովի գործի առնչությամբ ՄԻԵԴ որոշումը, որով Ադրբեջանը փաստորեն ճանաչվում է կատարված ոճրագործության մեղսակից պետություն, հրապարակվեց թերևս բավականին պատեհ ժամանակաշրջանում:

Իհարկե որևէ փաստական հիմք չկա պնդելու, որ ժամանակաշրջանի ընտրությունն ուներ այն քաղաքական համատեքստը և շարժառիթը, որի մասին կխոսենք, սակայն վճիռը համենայն դեպս լիովին կարող է թողնել քաղաքական ազդեցություն առկա իրադրության վրա: Իսկ խոսքն այն իրադրության, համատեքստի մասին է, որ աչք է ծակում հետևելով ադրբեջանական պրոպագանդային, և իհարկե պաշտոնական Բաքվի այն զորաշարժերին, որ թե Արցախի, թե Հայաստանի նախիջևանյան սահմանին իրականացնում են չհայտարարված զորավարժությունների տեսքով:

Ադրբեջանն ավարտել է պատերազմի նախապատրաստումը: Ահա այդպիսի վերանագրեր են լցնում Ադրբեջանի քարոզչամիջոցների էջերը, ու թեև այդ պրոպագանդան կարող է լինել ներքին սպառման համար, միևնույն է 2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ այդ հարցերում բացարձակապես պետք չէ առաջնորդվել այդպիսի կանխավարկածով, այլ հակառակը՝ Ադրբեջանի գործողություններին ու քաղաքականությանը պետք է վերաբերել պատերազմի կանխավարկածով: Եվ ահա, Բաքվի թե պաշտոնյաների հռետորաբանությունում, թե պաշտոնական ու ոչ պաշտոնական պրոպագանդայի էջերում ռազմաշունչ տոնայնության կտրուկ աճի պայմաններում ՄԻԵԴ որոշումը կարող է ունենալ զսպող հավելյալ գործոնի դեր: Առավել ևս, որ ակնառու էր մի բան՝ Ադրբեջանը ձգտում է իր պատերազմական հռետորաբանությունը ապահովել միջազգային լեգիտիմությամբ, լավ հասկանալով իհարկե, որ առանց դրա չի կարող իրականացնել որևէ շատ թե քիչ նշանակալի ագրեսիվ գործողություն: Ինչ խոսք, պատերազմ զսպողը ՄԻԵԴ-ը կամ մեծ հաշվով միջազգային որևէ իրավական կամ քաղաքական կառույց չէ, այլ նախ և առաջ Հայաստանի ու Արցախի մարտունակ բանակն ու պաշտպանական համակարգը: Սակայն, միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ զսպման համալիրը ներառում է լայն կառուցվածք, որում է նաև հենց միջազգային քաղաքական մթնոլորտն ու ազդակները, որոնք իհարկե բխում են նաև այն իրողությունից, թե ինչպիսին է Հայաստանի ու Արցախի ռազմա-քաղաքական պաշտպանունակությունը: Այդ տեսանկյունից, ՄԻԵԴ վճիռը գործնականում կարևոր քաղաքական արձանագրում էր միջազգային իրավա-քաղաքական ասպարեզում, որը մի կողմից արտացոլում է Հայաստանի աշխատանքը, ընդ որում տարիներին, և մյուս կողմից առնվազն տեսանելի ապագայի համար Հայաստանին տալիս է Ադրբեջանին զսպելու կարևոր միջոց կամ գործիք, խաղաղության, և խաղաղությունը նաև պաշտպանունակության ավելի ամրապնդման համար ժամանակային նոր տարածություն՝ իհարկե ամեն րոպե ադրբեջանական որևէ ագրեսիա հետ մղելու պատրաստ լինելով հանդերձ:
Spread the love