Հայաստանի գլխավոր «արգելափակումներից» մեկն է՝ Ամուլսարի հարցը

- in Հրապարակ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն պայմանավորել է անարդյունավետ աշխատանքով, չմանրամասնելով, թե հատկապես ինչն է, որ չի գոհացրել վարչապետին և հանգեցրել նախարարի ազատման դիմումին:

Իհարկե, Հայաստանում բնության, շրջակա միջավայրի պահպանության խնդիրները բազմաթիվ են և անգամ բավականին բարդ է դրանք դասակարգել ըստ առաջնահերթության: Միևնույն ժամանակ, սակայն, կա մեկը, որ առանձնանում է իր բավականին լայն համատեքստով, և որը, մեծ հաշվով, հետհեղափոխական Հայաստանի գլխավոր «արգելափակումներից» մեկն է՝ Ամուլսարի հարցը, որն, անկասկած, ոչ միայն բնապահպանական, տնտեսական, նաև ներքին քաղաքական, այլև արտաքին տնտեսա-քաղաքական հարաբերության հարց է:

Կորոնավիրուսը և ընթացիկ զարգացումները անուշադրության են մատնել հարցը, մղել այն երկրորդ պլան, բայց հարցի նշանակությունը դրանից չի նվազում ամենևին, որովհետև թե՛ նախակորոնավիրուսային, թե՛ հետկորոնավիրուսային աշխարհում Հայաստանի համար այդ հարցը պահանջում է լուծում, և այդ լուծումը որևէ պարագայում ունենալու է էական քաղաքական նշանակություն՝ տնտեսական ու բնապահպանականից բացի: Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի հրաժարականում Ամուլսարի հարցն ունի՞ դեր, կամ որքա՞ն է կազմում դրա նշանակությունը, պարզ չէ: Միևնույն ժամանակ հստակ է, որ նոր նախարարը՝ ով էլ նա լինի, ժառանգելու է իսկապես բարդագույն մի հարց, որքան էլ անկասկած է, որ խնդիրը գտնվում է քաղաքական որոշման տիրույթում:

Օրերս համացանցային մամուլում հայտնվել է տեղեկություն Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներքին գրագրության մասին, որում կա արձանագրում, թե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Ամուլսարի հարցում ճնշում են բանեցնում հայկական կողմի վրա: Այն, որ ԱՄՆ-ն պարբերաբար ուշադրության է արժանացրել հարցն ու բացահայտ խոսել Հայաստանի ներդրումային վարկի համար այդ հարցի լուծման կարևորությունը, եղել է միանգամայն բաց: Մյուս կողմից, տվյալ պարագայում հատկանշականն այն է, որ հարցը այդօրինակ շեշտադրումով արտացոլվում է Եվրամիության պատվիրակության ներքին գրագրության մեջ, այդպիսով վկայելով այն լայն համատեքստը, որ ունի Հայաստանում չլուծված և գործնականում հետհեղափոխական ամբողջ շրջանում արգելափակված այդ հարցը: Տվյալ պարագայում էական հարցերից մեկն այն է, թե որքանով է այդ արգելափակումը տարածվում Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական, իսկ գուցե նաև անվտանգային քաղաքականության վրա, և ինչ տրամաբանությամբ է տարածվում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments