Gaz

Գազի գնի հարցում Ռուսաստանի մերժումը, որ արտահայտվեց ԵՏՄ ղեկավարների տեսակոնֆերանսում ՌԴ նախագահ Պուտինի արդեն հայտնի դիրքորոշումով, մեծ հաշվով, անսպասելի համարել չի կարելի:

Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական մահակ է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի հանդեպ: Այստեղ գլխավորն այն է, թե ինչ կարող է անել Հայաստանն այդ հարցում, բացի, իհարկե, այն տարբերակից, երբ համաձայնում է որևէ քաղաքական զիջման: Ընդ որում, այստեղ անհրաժեշտ է նկատել, որ այդ զիջումը չունի վերջ, ինչի լավագույն, թեև բավականին թշվառ ու տխուր վկայությունը Հայաստանի անցնող տարիների պատմությունն է, որում գազի գնի հարցը Հայաստանի համար հառնել է պարբերաբար՝ պարբերաբար պահանջելով քաղաքական զիջումներ: Ու քանի որ իշխանությունը Հայաստանում մինչև 2018 թվականի մայիս եղել է ոչ լեգիտիմ, գնացել է այդ զիջումներին՝ ի վիճակի չլինելով կառուցել միանգամայն արժանապատիվ քաղաքական պաշտպանություն: Եվ այդ իմաստով հարցը որոշակիորեն պարզ է՝ ինչպես է Հայաստանի արդեն լեգիտիմ իշխանությունը կառուցելու քաղաքականությունն այս առումով: Իսկ դա, իհարկե, առաջին հերթին նշանակում է այլընտրանքների կառուցում, ձևավորում, այլընտրանքային հնարավորությունների ուղղությամբ աշխատանքի արդյունավետության բարձրացում: Եվ այստեղ, անշուշտ, կա իրանական գազի ուղղությունը, սակայն ոչ միայն:

Վերջին հաշվով, ժամանակակից աշխարհում, ռազմավարական հեռանկարի առումով Հայաստանի հայացքը պետք է ուղղված լինի ոչ միայն գազին, այլ, և թերևս ավելի շատ՝ այլընտրանքային էներգիայի ստացման, վերականգնողական էներգիայի աղբյուրներին: Արևային էներգիա, հողմային էներգիա, հիդրոէներգիա՝ իհարկե, բնության պահպանման կանոնների խստագույն ապահովմամբ: Եվ այդ իմաստով արժե թերևս հիշել մի քանի տարի առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, այլընտրանքային էներգետիկայի հարցում հայ-ամերիկյան գործակցության մոտ 8 միլիարդ դոլարի ներդումային ներուժի մասին: Այստեղ, իհարկե, էականն անգամ ներդրումային ներուժի ծավալի գնահատումը չէ: Թող լինի ոչ թե ութ միլիարդ, այլ ընդամենը 1 միլիարդ, կամ մի քանի հարյուր միլիոն: Այստեղ կարևոր է հարցը գործնական հարթություն բերելն ու սկսելը: Հայաստանում կատարվում են ներդրումներ արևային էներգիայի զարգացման ուղղությամբ, դա նկատելի է, սակայն այստեղ խնդիրը լոկ կատարվող ներդրումների փաստը չէ, այլ ընդհանրապես քաղաքականության արձանագրումն ու այդ իմաստով ազդակը տեխնոլոգիական առաջատար կենտրոններին, որովհետև արևային էներգիան, և ընդհանրապես այլընտրանքային էներգետիկան, ինչպես որ նավթն ու գազը, այսօր աշխարհում լոկ տեխնոլոգիա չեն, այլ քաղաքականություն:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •