Հայաստանի հաշվին առեւտրի նոր առաջարկ Մոսկվային

- in Կեղտոտ լվացք

Ադրբեջանում ստեղծվել է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»: Խոսքը Հայաստանի տարածքի մասին է:

Նախաձեռնությունը թուրք-ադրբեջանական է, ու թեեւ այն հանրային է, այդուհանդերձ կասկածից վեր է, որ վայելում է պետական հովանավորություն եւ ինչ որ պահի գուցե նույնիսկ տեղի կունենա ֆորմալ կապը:

Առավել եւս, երբ ոչ միայն Արցախի, այլեւս Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքի նկատմամբ նկրտումները Բաքվում բարձրաձայնվել են պարբերաբար՝ նախագահի մակարդակով: Այդպիսով, դրանք փաստորեն «ինստիտուցիոնալացվում» են, ընդ որում թուրքական աջակցությամբ:

Առերեւույթ, հայկական պետականության համար չկա ոչ մի նոր բան՝ լինի այդպիսի կազմակերպություն, թե չլինի, հայկական պետականության խնդիրն ու Հայաստան-Արցախ շրջանակով անվտանգության էքզիստենցիալ սպառնալիքը անփոփոխ է, ընդ որում թե Ադրբեջանից, թե Թուրքիայից:

Թվում է, որ թուրք-ադրբեջանական նախաձեռնությունը Արեւմտյան Հայաստանի կառավարության նախաձեռնության հայելային պատկերումն է, թեեւ Արեւմտյան Հայաստան ասվածը խոշոր հաշվով համաշխարհային պատմա-քաղաքական վավերագրություն ունեցող հասկացություն է, ի տարբերություն թուրք-ադրբեջանական մտավարժանքի:

Բայց դա թերեւս առաջին հայացքից կարող է լինել հայելային կրկնություն: Տվյալ պարագայում խոսքը քաղաքական հնարքի մասին է, որն իհարկե կարող է լինել բլեֆ, միեւնույն ժամանակ սակայն կարող է եւ լինել որոշակի խաղի մեկնակետ, որ կծավալվի առնվազն Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան մակարդակում:

Խիստ հատկանշական է, որ «արեւմտյան ադրբեջանի» այսպես կոչված «հայտատուները» խոսում են ոչ միայն Երեւանի կամ Սյունիքի մասին: Նրանք խոսում են նաեւ Գյումրու մասին, ինչը ուղղակի ցցուն վկայում է, որ ակնարկի «հասցեատերը» Ռուսաստանն է, որը Գյումրիում ունի ռազմակայան:

Մեծ հաշվով, Անկարան ու Բաքուն ըստ երեւույթին պատրաստվում են Ռուսաստանի հետ մեծ առեւտրի՝ Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցին ընդառաջ:

Արցախում հայկական հաղթանակը փաստացի պատռել է այդ պայմանագիրը, կողմերին դնելով պարզ իրողության առաջ՝ կամ վերականգնել, կամ վերջիվերջո ազդարարել դրա ավարտը: Հայկական բանակը տապալեց 2016-ին այն վերականգնելու փորձը:

Կողմերը անշուշտ ձգտելու են դրան վերադառնալուն, համենայն դեպս Ռուսաստանում կան այդ տրամադրությունն ու տրամաբանությունը կրող ազդեցիկ շրջանակներ:

Այդ պայմանագիրը հայկական պետականության շուրջ ականապատ տարածություն է, որը պետք է ականազերծվի: Ադրբեջանի թուրք-ադրբեջանական վիրտուալ պահանջներին Հայաստանը պետք է հակադրի իրական քաղաքական պահանջները՝ դնելով դրանք Ռուսաստանի առաջ, որպես մի կողմից հակահայկական պայմանագրի կողմ, մյուս կողմից՝ Հայաստանի իբրեւ դաշնակից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments