Gaz

Վրաստանը հայտարարել է գազի գնի նվազման վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածության մասին: Ըստ այդ հայտարարության, «Գազպրոմը» 15 տոկոսով կիջեցնի Վրաստանին մատակարարվող գազի գինը:

Թե հատկապես ինչ գնի մասին է խոսքը, չի հրապարակվում՝ հայտարարելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Վրաստանի համար գազի գնի իջեցումը, անշուշտ, բավականին սառը ցնցուղի է նման Հայաստանի համար գազի գինն իջեցնելուց Ռուսաստանի հրաժարման ֆոնին: Վրաստանը, որ գրեթե հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, ստանում է 15 տոկոս զեղչ, իսկ Հայաստանը, որ ռազմավարական դաշնակից է, ստանում է մերժում և մի քանի անգամ թանկ գին, քան, օրինակ, Եվրոպայում: Իհարկե, Եվրոպայի հետ գինը կապված է նավթի հետ, Հայաստանի պարագայում գործել և գործում է քաղաքական պայմանավորվածությամբ գին, սակայն դա ոչ թե բացատրում, այլ, ըստ էության, էլ ավելի աղաղակող է դարձնում պատկերը: Բացառված չէ, որ 15 տոկոս զեղչի պայմաններում Վրաստանը գուցե ամենևին էլ էժան չվճարի, քան Հայաստանը, բայց կրկնենք, հարցն այստեղ քաղաքական մոտեցումն է, սկզբունքը, վերաբերմունքը: Եվ, ըստ այդմ, թերևս արժե արձանագրել մի պարզ բան:

Վրաստանի համար Ռուսաստանն արդեն վաղուց գազի հիմնական մատակարար չէ: Հիմնական մատակարարը Ադրբեջանն է, իսկ «Գազպրոմը»՝ գոնե մինչ այժմ ընդամենը 5-10 տոկոս: Եվ ահա այդ հանգամանքը անկասկած ստիպում է Ռուսաստանին Վրաստանի հետ քննարկել գազի գնի նվազեցման հարց: Որովհետև Վրաստանը այդ առումով զերծ է միարժեք կախվածությունից: Հայաստանի պարագայում տեսականում կա այլընտրանքի հնարավորություն՝ առնվազն Իրան, կամ Թուրքմենիա՝ Իրանի տարածքով, սակայն այդ այլընտրանքը 2006-ից՝ հայ-իրանական գազամուղի շահագործումից առ այսօր գործնական չէ: Թե ինչու, պատճառները շատ են, սակայն տվյալ պարագայում բուն հարցն այն է, որ Հայաստանը չունի գործնական այլընտրանք, այլ կերպ ասած՝ չունի «Գազպրոմ»-ից անկախություն, ինչն էլ Ռուսաստանին ստիպում է մնալ կոշտ մերժման կամ քաղաքական կոշտ պայմանների դաշտում:

Հայաստանը պետք է հնարավորինս ինտենսիվացնի աշխատանքը այլընտրանքային հնարավորության ուղղությամբ՝ այդպիսով ստեղծելով ռուսական ուղղությամբ բանակցության և քննարկումների ամուր հող:

Spread the love