Հայաստանն ունի՞ առանց ԵՏՄ տնտեսական զարգացման հայեցակարգ

- in Հրապարակ
ETM

ԵՏՄ ռազմավարական զարգացման պլանը համաձայնեցված է, և համաձայնեցված չէ ընդամենը մեկ կետ՝ գազի միասնական շուկայի հարցը, մայիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նոմինալ առումով համաձայնեցված չէ մեկ կետ, սակայն գործնականում դա այն կետն է, որը, նույն Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած գնահատականի համաձայն, կազմում է միասնական տնտեսական տարածության իմաստը: Այսինքն՝ եթե չկա միասնական էներգետիկ շուկա, ապա դադարում է ԵՏՄ իմաստը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այդ գնահատականի ճշգրտությունը, թերևս, քննարկման ենթակա չէ, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքանով է այդ դիրքորոշումը սկզբունքային: Այսինքն՝ եթե չի լինում համաձայնություն այդ հարցում, որո՞նք են Երևանի քայլերը ԵՏՄ ապագայի հարցում:

Այդ իմաստով, օրերս տեղեկություն ստացվեց, որ Բելառուսը սկսել է նավթ ստանալ ԱՄՆ-ից, որի վերաբերյալ ամիսներ առաջ պայմանավորվել էին Նահանգների պետքարտուղար Պոմպեոն՝ որը եկել էր Բելառուս, և այդ երկրի նախագահ Լուկաշենկոն: Առաջիկա օրերին Բելառուսի նախագահությամբ տեղի կունենա ԵՏՄ վեհաժողով-տեսակոնֆերանս:

Մինսկն ու Երևանը բարձրաձայնել են գազի գնի մասին, այն նվազեցնելու անհրաժեշտության մասին, իսկ Ռուսաստանը՝ գրեթե բարձրաձայն մերժել այն: Ահա այստեղ է, որ, մասնավորապես, Երևանի համար ԵՏՄ զարգացման հայեցակարգի համաձայնեցումից բացի, շատ կարևոր է դառնում մեկ այլ բան: Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե արդյոք Հայաստանն ունի՞ առանց ԵՏՄ տնտեսական զարգացման հայեցակարգ, որն իր առարկայականությամբ և իրատեսականությամբ, ու նաև հեռանկարայնությամբ պետք է ոչ միայն չզիջի ԵՏՄ զարգացման հայեցակարգին, այլ գերազանցի դրան:

Որովհետև, ինչպես ցույց է տալիս իրական տնտեսա-քաղաքական ռեժիմը աշխարհում, Հայաստանն ավելի շուտ պետք է մտածի առանց ԵՏՄ զարգանալու մասին, հնարավորինս արագ կառուցելով այդ կազմակերպությունից դուրս կենսագործունեության «ճանապարհային քարտեզը»: Համենայնդեպս, ավելի ու ավելի ակնառու է դառնում, որ ԵՏՄ «հիմնադիր-պարեկը» այդ կազմակերպությունը դիտարկում է ոչ թե հավաքական զարգացման, այլ ընդամենը կայսերական ազդեցության միջոց: Ներկայումս առանձնահատկությունն այն է, որ խոսքը դե ֆակտո փլուզվող, փլուզման երկրորդ ալիքն ապրող կայսրության մասին է, ըստ այդմ պետք է առարկայորեն մտածել նաև դրա փլատակների տակ չմնալու մասին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments