Հայաստանում արդեն սկսել և լայն թափով ընթանում է հետհեղափոխական ներքաղաքական պայքարը

- in Ով ով է ...
eshelon ishxanutyun

Հայաստանի ներքաղաքական կյանքում առերևույթ ընթացող նոր և հին իշխանությունների պայքարն իրականում բոլորովին այլ բնույթի գործընթացի միայն մակերեսային արտացոլումն է:

Պետք է արձանագրել, որ Հայաստանում արդեն սկսել և լայն թափով ընթանում է հետհեղափոխական ներքաղաքական պայքարը, որտեղ նոր ու հին իշխանություն հասկացությունները վերածվել են պայմանականության: Կա պայքար նոր իշխանությանը հետ մրցակցելու համար և այդ պայքարի մեջ են թե հին իշխանությանն առնչվող խմբեր և բևեռներ, թե այդ հին իշխանությանը նախկինում ընդդիմադիր եղած ուժեր, թե նաև ներգրավվում են նոր ուժեր կամ նոր ստեղծվող, նոր հայտ ներկայացնող քաղաքական միավորներ: Եվ որքան էլ այդ գործընթացը թողնում է խառնաշփոթի, որոշակի խառնիճաղանջ տպավորություն, այդուհանդերձ դա հետհեղափոխական բնականոն փուլ է, որ Հայաստանը պետք է անցնի: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե որքանով է այդ փուլը լինելու բովանդակային ու գաղափարական, և ոչ լոկ տեսարանային: Այստեղ է հարցերի հարցը, և թերևս ամենաբարդ հարցը:

Բարդ այն իմաստով, որ տեսարաններից զերծ մնալ թերևս չի ստացվելու և անգամ ամենակառուցողական և բովանդակային ներուժ ունեցողները ստիպված են լինելու խաղալ տեսարանային կանոններով, քանի որ ներգրավված սուբյեկտների գերակշռող մասը, ընդ որում այդ շարքում նաև կառավարող մեծամասնությունը, հակված են հենց տեսարանային խաղին, իրենց ուժն ու հնարավորությունը դիտարկում են հենց այդտեղ: Այդպիսով ձևավորվում է համընդհանուր մի մթնոլորտ, որին ստիպված է լինում հարմարվել բովանդակային, գաղափարական գործունեությունն ու պայքարը, այլապես հայտնվելով «արդիականության» կորստի ռիսկի տակ:

Չակերտավոր արդիականության, որովհետև խորքային առումով արդիական է հենց գաղափարականը, բովանդակայինը, հայեցակարգայինը, ոչ թե տեսարանը, անգամ եթե դիտարկենք, որ այն լինելու է քաղաքականության հավերժական ուղեկից: Այստեղ առանցքային, գլխավոր հարցն այն է, թե կառավարող մեծամասնությունը ինչ ընտրություն է կատարում, կամ ում է ընտրում որպես ապագայի մրցակցության միջավայրի ձևավորման գործընկեր: Խոսքն իհարկե այն «ընտրության» մասին չէ, ինչ դիտարկվել է նախահեղափոխական տարբեր փուլերում, թե ում է իշխանությունն ընտրել որպես «տիտղոսային ընդդիմություն»: Խոսքն այն մասին է, թե կառավարող մեծամասնությունն ինչ որակ է ընտրում որպես «սպարինգ-գործընկեր», որի հետ մրցակցությանն անգամ «նոմինալ» պարտությունը հեռանկարի իմաստով կարող է լինել հաղթանակ, որովհետեի ի վերջո ցանկացած իշխանության հաղթանակը խոշոր հաշվով ոչ միայն իշխանություն պահելն է, այլ լայն իմաստով երբևէ իշխանությունը թողնելու ազատ հնարավորություն ունենալը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments