Mishik

Հայաստանում կայուն ծավալվում է հեղափոխության «հունից շեղվելու» մասին որոշակի դիսկուրս, որն ունի ծավալման միտումներ: Դրա հիմքում հիմնականում դատաիրավական ռեֆորմի բացակայությունը կամ դանդաղկոտությունն է, կամ ընտրված մեթոդի հիմնավորվածությունը:

Լայն իմաստով, սակայն, «դիսկուրսը» ներառում է իհարկե այլ ուղղություններ: Գուցե հնչի տարօրինակ, սակայն, խոշոր հաշվով, դա առողջ երևույթ է, թեև թվում է, թե ինչ առողջ բան կա, եթե խոսքը հեղափոխության տրամաբանությունից շեղման մասին է: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Հայաստանում հանրայնորեն որոշակիացված չէ այդ հեղափոխության տրամաբանության գնահատականը: Ինչը կամ ո՞րն էր դրա տրամաբանությունը: Բանն այն է, որ այդ հարցում որոշակի էր մեկ բան՝ մերժել Սերժ Սարգսյանին և այն համակարգը, որի գլխին էր նա այդ ժամանակ, հեռացնել Սերժ Սարգսյանին և նրան հեռացնելով՝ հեռացնել նաև այդ իշխանությունն ու համակարգը, հաստատելով արդեն նոր՝ հանրայնորեն լեգիտիմ իշխանություն: Միևնույն ժամանակ, պայքարել կոռուպցիայի դեմ, հաստատել իրավահավասարություն բոլոր ոլորտներում, իրականացնել օրենսդրական փոփոխություններ մի շարք ուղղություններով, ունենալ նոր Սահմանադրություն:

Ահա այստեղ էլ թերևս ավարտվում է որոշակիության շրջանակը, որովհետև կա մի պարզ իրողություն, որը հաճախ ենք չնկատելի տալիս կամ մոռանում: Խոսքն այն մասին է, որ վերը թվարկված հանգամանքների շրջանակներից դուրս չկար հանրային, շատ թե քիչ, այնպիսի ընդհանրություն, որը թույլ կտար մեկտեղել հանրության ջանքերը հեղափոխական գործընթացում: Այսինքն՝ ջանքերի և գործողությունների մեկտեղումը եղել է հենց վերը թվարկված «մերժման տրամաբանության» շուրջ, դրա առանցքում: Իսկ հաջորդիվ արդեն, կատարվելիք քայլերի, ստեղծվելիք իրականության մասին պատկերացումները, նպատակները, մեթոդաբանության, մարտավարության և ռազմավարության շուրջ մոտեցումները, տարբերվել են էապես: Ընդ որում, կարևոր է արձանագրել այն, որ այդ տարբերությունը չի առաջացել հեղափոխությունն իրականացնելուց և Սերժ Սարգսյանին ու իշխանությունը հեռացնելուց, Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելուց, կամ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո:

Այդ տարաձայնությունները եղել են հեղափոխությունից առաջ, եղել են տարիներ առաջ, և դրանք կրել են սկզբունքային բնույթ: Այդ տարաձայնությունները դրսևորվել են տարբեր տարիներին բավականին թեժ բանավիճային փուլերով, որ եղել են 2018-ի ապրիլին հեղափոխական գործընթացի շուրջ մեկտեղված թիմերի միջև: Ավելին, անհրաժեշտ է արձանագրել ևս մի հանգամանք, որ հեղափոխության գործընթացի մեկնարկն ու առաջին կեսն էլ եղել է իրականում առանձին գործողությունների ու վարքագծի շրջան, և մասնակից խմբերը բավականին դժվարությամբ են եկել որոշակի ընդհանուր հունի: Այլ կերպ ասած, հունը կամ ռելսը, որի մասին խոսվել է, մեծ հաշվով ավարտվել է մայիսի 8-ին, որովհետև գցված է եղել մինչ այդ: Դրանից հետոյի ռելս հեղափոխությունը առարկայորեն գցած, կամ գծած անգամ չի եղել, և դա մի իրողություն է, որը պետք է ընդունել, հետագա իրավիճակի հնարավորինս ճշգրիտ գնահատման և, ըստ այդմ, զարգացումները բնորոշելու, հասկանալու և դրանց հանդեպ սեփական վարքագիծ ձևավորելու համար:

Այդ իսկ պատճառով էլ, հեղափոխության առաջատար թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ գործնականում իր վրա էր վերցրել ամենամեծ քաղաքական և գուցե նաև ֆիզիկական ռիսկը, մայիսի 8-ից գնաց այսպես ասած՝ իր ճանապարհով: Այդ ճանապարհի գնահատականն արդեն այլ հարց է, և այստեղ է, որ դրա վերաբերյալ տարակույսները, քննադատական մոտեցումները, ընդդիմախոսությունը, անգամ կոշտ քննադատությունը առողջ երևույթ են, որովհետև գործնականում դրանցով է, որ պետք է լրացվի այն բացը, որ կար հեղափոխական գործընթացում՝ ապագայի շուրջ առարկայական, բովանդակային դիսկուրսի բացը, և դրա շուրջ հանրությանը մոբիլիզացնելու բացը: Եթե անգամ մասնակից թիմերի միջև եղել է ներքին պայմանավորվածություն, միևնույն է, այն, ըստ էության, չի ամբողջացել հեղափոխական գործընթացի հանրային դաշնագրով և դրանով իսկ դարձել է խոցելի: Բայց այստեղ հանրային-պետական իմաստով հարցն արդեն այն չէ՝ թիմերը միմյանց հանդեպ պարտավորություններն ու տված խոստումները պահել են, թե ոչ: Դա արդեն նրանց ներքին գործն է, միջանձնային կամ միջթիմային, միջկուսակցական գործը: Ներկայումս խնդիրը հենց ապագայի շուրջ հանրության հետ երկխոսությունն ու դրա միջոցով այդ բովանդակության սոցիալական բազա ձևավորելն է՝ հասկանալու համար, թե Հայաստանում ինչպիսին է մոտ ու հեռու ապագան կառուցելու վերաբերյալ պատկերացումների հարաբերակցությունը:
Spread the love