Հայաստանում այս տարի մահացության դեպքերն ավելի քիչ են, քան նախորդ տարի: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա 75 միջին թվի դիմաց այս տարի մոտ 69 մահ ունենք օրական: Այսինքն՝ օրական մահերի թիվը քիչ է 5-6-ով:

«Ընդհանուր սուր շնչառական վարակների թվերը, եթե կորոնավիրուսային դեպքերը չհաշվենք, շատ են քչացել: Այսինքն՝ ստացվում է, որ պրակտիկորեն այլ վարակներ չեն շրջանառվում Հայաստանում, շրջանառվում է միայն կորոնավիրուսային վարակը: Դա պայանավորված է ընդհանուր կանոնների պահպանմամբ, սոցիալական հեռավորության, դիմակների գործոնով: Այս տարի մահացության դեպքրերն ավելի քիչ են, քան անցյալ տարի, եթե խոսենք մարտ, ապրիլ, մայիս ամիսների մասին: Դա շատ տրամաբանական է, մահացությունը քիչ է, քանի որ տրանսպորտն է ավելի քիչ երթևեկել, մարդկանց շարժունակության իջեցման պատճառով տարբեր տրավմատիզմն է փոքրացել: Եվ մենք այս պահին միջին օրական մահացության ավելի ցածր թիվ ունենք, քան անցյալ տարի»,- ասաց նա: Ըստ Թորոսյանի, սակայն, եթե չզսպվի կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը, ապա մահացությունը կբարձրանա: