Հայաստանում հյուսվում է ֆինանսա-բանկային համակարգի մերժման գաղափարը

- in Սոցիալական

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական բանկի դիմաց՝ հայտարարելով, որ պահանջում են փակել վարկային կազմակերպությունները, պայքարում են բանկային համակարգի դեմ: Որևէ պայքար, իհարկե, քաղաքացու իրավունքն է, եթե այն դուրս չի գալիս օրենքի շրջանակից: Սակայն կարևոր է նաև այն, թե ինչպիսին է որևէ պայքարի բովանդակությունը, և այն որքանով է բխում պետության և հանրության ընդհանուր շահից:

Ահա այդ տեսանկյունից պետք է նկատել, որ Հայաստանում, հատկապես կորոնավիրուսային ճգնաժամի շրջանակում, բավականին նուրբ կերպով հյուսվում է ֆինանսա-բանկային համակարգի մերժման գաղափարը, որպես կեղեքող, թալանող և այլն: Այստեղ, անշուշտ, գաղափարական, հայեցակարգային, անգամ փիլիսոփայական և քաղաքակրթական վեճ է, թե հանրությունները ինչպիսի ֆինանսական հարաբերության համակարգով պետք է կառուցեն իրենց կյանքը:

Բանկային համակարգի, վաշխառուական տրամաբանության խնդիրը աշխարհում բարձրացնում են տարբեր շարժումներ, դրանց ճնշող մեծամասնությունը, թերևս, մարգինալ, սակայն վերջին հաշվով, հարցը, անկասկած, համամարդկային նշանակություն ունի, որովհետև մենք տեսնում ենք, որ ճգնաժամերի հիմքում հաճախ լինում են նաև ֆինանսա-վարկային հարաբերությունների հնացած մեխանիզմները, որոնք արդյունավետ չեն կարողանում սպասարկել հասարակական հարաբերությունները:

Մյուս կողմից, սակայն, դա չափազանց նուրբ և բարդ թեմա է հանրային աղմուկի վերածելու համար, որովհետև այդ պարագայում է, որ հոնքը շինելու փոխարեն կարող է դուրս գալ նաև աչքը: Այսինքն՝ կարող է առաջանալ որոշակի քաոտիկ վիճակ ներկայիս ֆինանսա-վարկային մեխանիզմներում, կարող է փլուզվել ֆինանսական համակարգը՝ որևէ նոր և արդյունավետ համակարգերի բացակայության պայմաններում: Եվ այդ պարագայում, շահողը հաստատ չի լինելու հասարակությունը, առավել ևս աղքատ շերտերը: Շահողները լինելու են մի քանի մարդիկ կամ ընտանիքներ, որոնք, մեղմ ասած, բավականին ապահով են բոլոր դեպքերում:

Եվ ուրեմն, ֆինանսաբանկային համակարգի կայունությունը, առավել ևս Հայաստանի համար, ունի էական նշանակություն, և էական նշանակություն ունի այդ համակարգի հանդեպ հանրային վստահության և լեգիտիմության հանգամանքը: Հետևաբար, երբ հանրայնորեն բարձրաձայնվում է համակարգի խնդիր, ապա նախընտրելի է դրա շուրջ մասնագիտական և քաղաքագիտական բանավեճը՝ խնդիրը մշակելու և հանրությանն այնպես մատուցելու համար, որ այն չբերի կոլապսի, այլ բերի արդյունավետ և հանրօգուտ եզրահանգումների:

Վերջին հաշվով, որևէ մեկի համար ցանկալի չէ ունենալ վարկ, խնդիրներ լուծել վարկով, տոկոսներ վճարել և այլն: Սակայն, խոշոր հաշվով, մրցակցությունն ու առևտրային ազատ հարաբերություններն են զարգացման խթանը: Սոցիալական պոպուլիզմով կարող է կասեցվել զարգացումը, մինչդեռ աղքատության հաղթահարման գրավականը հենց տնտեսական զարգացումը, կյանքի արդիականացումն է, որպեսզի մարդկանց համար վարկը լինի ոչ թե բեռ, այլ հնարավորություն: Ամբողջ հարցն այն է, որ, թեև բողոքի ակցիան խիստ անմարդաշատ էր, բայց թեման, տրենդը կարող է բավականին «գայթակղիչ» լինել բոլոր այն մարդկանց համար, որոնք ունեն սոցիալական խնդիրներ: Դա էլ իր հերթին կարող է ձևավորել Հայաստանի ֆինանսական համակարգի շուրջ սպասումների բացասական միջավայր, դրանից բխող հետևանքով: Այդ իմաստով, իրավիճակը, հատկապես ճգնաժամային, կարող է պարարտ հող լինել հանրության, պետական կառավարման դեմ սոցիալ-հոգեբանական դիվերսիա իրականացնելու համար, ակնկալելով դրա շնորհիվ ստեղծել ֆինանսա-տնտեսական անկայունություն քաղաքական հարցեր լուծելու համար, հատկապես երբ ձախողվում են քաղաքական ապակայունացման նկատելի փորձերը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments