Խորհրդարանում քննարկվում է արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում հետաձգված հանրաքվեն չեղարկելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որն «Իմ քայլը» խմբակցությանն է:

Նախաձեռնության նպատակը շատ պարզ է՝ լուծել ապրիլի 5-ին նշանակված և կորոնավիրուսի հետևանքով հետաձգված հանրաքվեի հարցը: Բանն այն է, որ ըստ օրենքի հանրաքվեն հետաձգվում է, բայց անցկացվելու է արտակարգ դրության չեղարկումից 50, առավելագույնը 65 օր անց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կորոնավիրուսը մեզ հետ կլինի առնվազն մեկ տարի: Դա տալիս է ենթադրության հիմք, որ արտակարգ դրությունն էլ կարող է շարունակվել այդքան: Ստացվում է, որ ՍԴ դատարանակազմի վերաբերյալ հանրաքվեն կհետաձգվի առնվազն այդքան, ինչը նշանակում է, որ կհետաձգվի նաև ներքաղաքական օրակարգ մտած հարցը: Կառավարությունը հայտարարել է հարցի լուծման այլ ուղի ընտրելու մասին, որը կիրագործվի խորհրդարանական մեխանիզմով: Բայց, այն իր բովանդակությամբ տարբեր է, քան հանրաքվեի դրված հարցը: Այստեղ ենթադրվում է այսպես ասած փուլային, էվոլյուցիոն տարբերակ, ի տարբերություն հանրաքվեի ռեվոլյուցիոն տարբերակի:

Մեխանիզմի փոփոխության հանգամանքը բավականին հասկանալի է, հետաքրքիր է, թե ինչու է մեխանիզմի հետ փոխվում նաև բովանդակությունը, այսինքն խորհրդարանում դրվում փոփոխության ոչ թե ռեվոլյուցիոն տարբերակը՝ հանրաքվեից ընդամենը տեղափոխվելով պառլամենտ, այլ դիտարկվում էվոլյուցիոն ճանապարհ: Դա փոխզիջո՞ւմ է: Այդ դեպքում ու՞մ հետ, Հայաստանի ներքաղաքական որևէ սուբյեկտի՞, թե՞ Եվրոպայի Խորհրդի հետ, որի Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվում է ներկայացվող մեխանիզմն ու բովանդակությունը:

Ի դեպ, հատկանշական է, որ արմատական քայլերից ձեռնպահ մնալու և Վենետիկի հետ աշխատելու հորդոր շաբաթներ առաջ հնչել էր Միացյալ Նահանգներից՝ պետքարտուղարի տեղակալի օգնականի շուրթերից: Արդյո՞ք Հայաստանում մեխանիզմի և բովանդակության փոփոխությունը ավելի լայն համատեքստ ներառող հարց է, քան լոկ ներքին օրակարգը, ինչպես որ հնարավոր է ավելի լայն արտաքին օրակարգով հաշվարկված որոշում էր հանրաքվեի հեղափոխական ընտրությունը, ինչ-որ առումով այդ պահին նաև անսպասելի, արագ կայացված ընտրությունը:
Spread the love