Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողությանը Հայաստանի վարչապետի ելույթը, թերևս, ավելի շատ վերաբերում էր Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդած երկամյակին, քան բուն իրադարձության առիթ դարձած իրողությանը:

Արցախի նախագահի պաշտոնամուտն էր Փաշինյանն ակնհայտորեն օգտագործել որպես առիթ հեղափոխության երկու տարին դե ֆակտո ամփոփելու համար: Ամփոփում, որը, սակայն, ուներ ոչ թե վիճակագրական կամ «100 փաստի» տրամաբանություն, այլ առնչվում էր թերևս գլխավոր խնդրին՝ արժեհամակարգային, մտածողության հեղափոխությանը: Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի ելույթում նկատելիորեն արձանագրվում էր այն, որ Հայաստանում մտածողության հեղափոխությունը առնվազն կիսատ է, անավարտ, եթե անգամ դիտարկենք, որ այն սկսված է և ունի որոշակի ծավալի ու դինամիկայի ընթացք: Ընդ որում, ելույթի որոշակի շեշտադրումներ վկայում էին այն հանգամանքը, որ այդ խնդիրը վարչապետ Փաշինյանը տեսնում է ոչ միայն հանրային, հասարակական-քաղաքական, այլ նաև իշխանական, կառավարական շրջանակներում, այսպես ասած՝ կառավարող վերնախավում:

«Ամեն ինչ հարաբերական է. նոր պաշտոնյան շատ արագ կարող է ձեռքբերել «հին» հատկանիշներ, և հին պաշտոնյան կարող է նորովի ընկալել իրավիճակը, նորովի ընկալել առաքելությունը, դասեր քաղել անցյալում իր ունեցած սխալներից»:

Ասել, որ շոշափվող խնդիրը առանցքայինն է հետհեղափոխական Հայաստանի երկրորդ տարում և հենց դրանից է կախված բոլոր ուղղություններով հասարակական-պետական զարգացման գործընթացների որակն ու բովանդակությունը, նշանակում է, թերևս, չասել ոչինչ: Որովհետև մտածողության, արժեհամակարգային փոփոխության անհրաժեշտությունն արձանագրված իրողություն էր անգամ մինչև հեղափոխությունը: Արձանագրված այն իմաստով, որ դրա մասին խոսում էին ոչ միայն զանազան ընդդիմադիր խմբերը, որոնց ճնշող մեծամասնությունն այս կամ այն կերպ միացավ հեղափոխությանը: Այդ արժեհամակարգային, մտածողության վերափոխման անհրաժեշտությունն այլևս իր կայուն, հաստատուն և ընդգրկուն տեղն էր գտել նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում, հարցազրույցներում, զանազան այլ ձևաչափերով հանրությանը փոխանցվող ուղերձներում և խոսքերում, անգամ բաժակաճառերում: Եվ ամբողջ հարցը հենց այն է, որ բաժակաճառի էր վերածվել այդ ամենի հանրագումարը, քանի որ խոսքերը հնչում էին, իսկ գործի տեսանկյունից հանրությունն ականատես էր լինում լիովին հակառակին: Բայց հենց այդ հանգամանքն է նաև, որ առաջացնում է վարչապետ Փաշինյանի արցախյան կարևոր ելույթի առնչությամբ ոչ պակաս կարևոր արձանագրման:

Մտածողության վերափոխման, արժեհամակարգային վերափոխման գործընթացի համար կարևորագույն պատասխանատվությունն իշխող քաղաքական մեծամասնությանն է, կառավարող վերնախավինը: Այդ տեսանկյունից, այստեղ է նաև թավշյա հեղափոխության քաղաքական արժեքը՝ փոխվել է կառավարող վերնախավը, ու, ըստ այդմ, նախկին ընդդիմադիր առաջատար խմբերից մեկին տվել արդեն կառավարման լծակների, կառավարող վերնախավի դիրքերից էապես բարձրացնել արժեհամակարգային վերափոխման հարցն առաջ տանելու արդյունավետությունը: Մի բան, որն անգամ իր՝ վարչապետ Փաշինյանի պետական վարքագծում հաճախ ենթարկվում է անկումների, այնպիսի տարրերի դրսևորմամբ, որոնք առավել բնորոշ են ցայտնոտի մեջ հայտնվող ընդդիմությունների, քան հաղթած հեղափոխության առաջնորդների, որոնք ստացել են հանրային մեծ աջակցություն հետագա կապիտալիզացիայի համար: Այդ իմաստով, Փաշինյանի արցախյան ելույթը, լինելով կարևոր ամփոփում և շոշափելով ապագայի, ընդ որում՝ ոչ հեռու ապագայի համար կարևորագույն հարցադրումներ, մյուս կողմից նաև դրսևորեց որոշակի հակասականությունը շոշափվող խնդիրների և կառավարող վերնախավի վարքագծի միջև:

Այստեղ անհրաժեշտ է արձանագրել վարքագծի, և ոչ թե կառավարման ընթացիկ արդյունավետություն: Որովհետև կառավարման ընթացիկ արդյունավետության խնդիրներ ունեն, ունենալու են բոլոր կառավարությունները՝ հեղափոխական, թե ոչ: Վարքագիծը կամ, այլ կերպ ասած, վերնախավային նոր էթիկան է, որ պետք է լինի առավելագույն նշաձողի վրա, և որը գործնականում կազմում է որևէ վերնախավի հանդեպ հանրության վերաբերմունքի և գնահատականի բազիսը: Այդ իմաստով, վարչապետի ելույթը՝ իրապես խիստ խորհրդանշական Շուշիում, կամա, թե ակամա վերածվում է որոշակի նշաձողի, որով պետք է չափվի վերնախավային հետագա մտածողությունն ու էթիկան:

Spread the love