Mishik

Չափազանց հստակ է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգը ներկայացնող ամենատարբեր խմբեր և ուժեր, այդ թվում՝ այնպիսիք, որ հեղափոխությունից առաջ լինելով մեկ համակարգում, պայքարում էին նաև միմյանց դեմ, այժմ քարոզչական կամ հակաքարոզչական միասնական պայքար են մղում նոր իշխանության դեմ:

Այդ պայքարում ակնհայտորեն խտրություն չի դրվում միջոցների մեջ, կիրառվում է պատեհ ու անպատեհ, հարմար ու անհարմար, պետական շահին հակասող, բարոյական և անբարո ամեն առիթ, հնարավորություն, գործիք: Ընթանում է խաղ առանց կանոնների, որի նպատակը շատ պարզ է՝ ստեղծել իշխանության հանդեպ հանրային դժգոհություն, այդպիսով բերել վիճակի, երբ իշխանությունը չի ունենա հանրային մեծամասնության վստահությունը և այդպիսով կզրկվի իր, թերևս, ամենահզոր խաղաքարտից: Պետք է նկատել անշուշտ, որ նույն այդ իշխանությունը հաճախ կամ առնվազն ոչ հազվադեպ հենց ինքն է տալիս իր դեմ քարոզչության առիթ, անգամ պատճառ: Ընդհանուր առմամբ, անշուշտ պետք է արձանագրել, որ խաղ առանց կանոնների վիճակը բնորոշ է գործնականում ամբողջ աշխարհի տեղեկատվական դաշտին:

Դա բխում է տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս, ժամանակակից բնույթից, երբ տեղեկատվություն տարածելու հնարավորությունը գործնականում հասանելի է ցանկացածի: Իսկ այդ ամենի վերահսկողության հնարավորության աճը ամենևին ուղիղ համեմատական չէ տեխնոլոգիաների հասանելիության աճին:

Այդպիսով, տեղեկատվական պատերազմը անխուսափելի երևույթ է, որն ուղեկցելու է հանրություններին տեսանելի ապագայում: Հայաստանի պարագայում դիտարկենք, թե ինչ հեռանկար ունի այդ պատերազմը, քաղաքական ինչ հետևանքի կամ արդյունքի հնարավորություն: Կասկած չկա, որ հանրության մի զգալի մասի համար հակաքարոզչությունը թողնելու է ազդեցություն: Բայց կլինի՞ այդ ազդեցությունն այնքան, որը իշխանությանը կզրկի հանրային վստահության այն պաշարից, որը թույլ է տալիս լինել քաղաքական ամուր դիրքում:

Տեղեկատվական պատերազմի վտանգը և ուժը թերագնահատել երբեք պետք չէ, սակայն պետք է թերևս հիշել մի բան: Հայաստանում առնվազն քառորդ դար և, թերևս, ավելի երկար, սկսած դեռևս ՀՀՇ կառավարման շրջանից, Հայաստանում տեղեկատվությունը եղել է իշխանության ձեռքին: Իհարկե, անկախության առաջին տարիներին բավականին առատ էր ազատ, նաև ընդդիմադիր մամուլը, սակայն 1994-95 թվականներից տեղի ունեցան հայտնի զարգացումներ, ընդդիմադիր մամուլի հետապնդում: Այդ ամենով հանդերձ, միևնույն է, ամենազանգվածային՝ թերթերի հանդեպ անհամեմատ լայն տարածում ունեցող գործիք հեռուստատեսությունը միշտ եղել է իշխանության ձեռքում: Եվ այդ հեռուստատեսությամբ միշտ տարածվել է պատկեր, որը բխել է օրվա կառավարող ուժի շահից: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում տեղեկատվական դաշտն էլ ավելի կարծր սահմանափակման ենթարկվեց և կենտրոնացվեց նախագահի նստավայրի բռում: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում սկսեց դեր խաղալ տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը, սոցցանցեր, ինտերնետի ընդլայնում, այդ ամենը կասեցնելու ամբողջատիրական ռեսուրսի բացակայություն, սակայն միևնույն է՝ դարձյալ տեղեկատվական բավականաչափ ռեսուրսներ օրվա կառավարության ձեռքի տակ:

Եվ ահա, այդ համառոտ փուլային նկարագրության հանրագումարում, Հայաստանում մինչև հեղափոխություն կառավարած որևէ թիմ, ուժ, նախագահ, իշխանություն, կառավարություն չի կարողացել տեղեկատվական ազդեցությամբ ստանալ հանրային վստահություն և ցանկալի արդյունք:

Որովհետև Հայաստանում տեղեկատվությունն ուժ է, բայց ոչ այնքան, որ գերազանցի փոքր երկրի իրականությանը: Հայաստանում հանրությունը միշտ դատել է իրականությամբ: Այո, կա մեդիագրագիտության մեծ խնդիր, կա ընդհանուր գրագիտության խնդիր, սակայն միևնույն է, որևէ իշխանություն չի կարողացել քարոզչությամբ խաբել հանրությանը: Իսկ կարողացե՞լ է դա անել որևէ ընդդիմություն: Ինչ խոսք, Հայաստանում ընդդիմության տեղեկատվական հոսքերը ամենևին չեն եղել բյուրեղյա մաքրության: Բայց ամբողջ հարցն այն է, որ ընդդիմությունը որևէ կերպ չի կարող տեղեկատվությամբ խաբել հանրությանը, եթե հանրությանը չխաբի իշխանությունը, եթե իշխանությունը բաց և լուրջ երկխոսություն ծավալի հանրության հետ: Այդպիսով, նույն կերպ Հայաստանի ներկայիս ընդդիմությունը չի կարող քարոզչությամբ հասնել որևէ բանի, եթե հանրությանը խաբել, մոլորեցնել, իրականությունը մանիպուլացնել չսկսի իշխանությունը: Այդ իմաստով, քարոզչության ուժը թերագնահատել պետք չէ, սակայն պետք չէ նաև գերագնահատել: Ամեն ինչ կախված է հանրության հանդեպ կառավարողների անկեղծության և հաշվետվողականության ուժից, և կառավարման լրջության ու արդյունավետության ուժից: Հետևաբար՝ ներքաղաքական ազդեցություն, հետևանք կամ արդյունք պետք է փնտրել հենց այդտեղ:

Spread the love