Հայկական զինուժը կպատժի Բաքվին, բայց պետք չէ այդ բեռը թողնել բանակի վրա

- in Կարծիք
hretani zenq

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնեւում Ալիեւի հետ հանդիպումից ժամեր անց Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խոսել են սահմանին զոհեր չունենալու մասին: Նա հայտարարեց, որ Ալիեւն էլ ուզում է, որ չլինեն զոհեր:

Հոկտեմբերի 16-ի հանդիպումից հինգ օր առաջ հայկական կողմն ադրբեջանակական կրակոցից ունեցել էր զոհ: Հայկական կողմը զոհ ունեցավ նաեւ այդ հանդիպումից ու հայտարարությունից երեք օր անց:

Ներկայում Ալիեւի «կառուցողականության» մասին հայտարարության համար Նիկոլ Փաշինյանին ուժգին քննադատության ենթարկող շրջանակներից որեւէ մեկը Սերժ Սարգսյանին հարց չտվեց, չքննադատեց հայտարարության համար, թե Ալիեւն էլ չի ուզում, որ լինի զոհ: Որեւէ մեկը չհարցրեց՝ հարգարժան Սերժ Սարգսյան, այդ դեպքում ո՞վ է ադրբեջանական զինուժին տալիս հայ դիրքապահներ, զինվորներ սպանելու հրաման, կամ ո՞վ է մարդասպան այդ քաղաքականությունն արժանացնում քաղաքական հավանության:

Եվ այդ լռությունը թերեւս իրավացի էր: Որովհետեւ այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանն Ալիեւին դնում է քաղաքական պատասխանատվության ներքո: Դժբախտաբար՝ ոչ ամբողջական, թերի պատասխանատվության ներքո, որովհետեւ հաջորդիվ հայկական կողմի խոսքը պետք է ներառեր Վիեննայի օրակարգի հիշատակումը: Սակայն, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հետապրիլյան երրորդ հանդիպմանն ու դրանից հետո չեղավ որեւէ խոսք այդ օրակարգի մասին: Եվ դարձյալ, լռություն բոլոր այն շրջանակներից, որոնք հեղափոխությունից հետո Փաշինյանին էին մեղադրում այդ օրակարգը մոռանալու մասին:

Երեւանը սակայն հեղափոխությունից հետո մի քանի առիթով հիշեցրեց Վիեննայի մասին, երբ Ադրբեջանը աշխուժացրել էր սահմանային կրակոցները:

Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը արժանի է քննադատության, ընդդիմախոսության, ապա ամենեւին ոչ Ալիեւի «կառուցողականության» մասին հայտարարության, այլ թերեւս այդ հայտարարությունը քաղաքականապես չամբողջացնելու համար: Խոսքը հենց այն մասին է, որ Երեւանը պետք է շատ հստակ եւ միարժեք դնի Վիեննայի օրակարգի հարցը, որպես «կառուցողական» Ալիեւի «ապակառուցողականության» որեւէ դրսեւորման քաղաքական գին:

Երբ Սերժ Սարգսյանը 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւում անում էր «ռեվերանսը», թե Ալիեւն էլ զոհ չի ուզում, Հայաստանում նրան ընդդիմախոս շրջանակներում այն ընկալվում էր քննադատաբար: Բայց, այդ հայտարարությունն անշուշտ Երեւանի դիվանագիտական խաղի մաս է, ցավոք՝ կիսատ, թերի խաղի մաս, եւ դա է նաեւ պատճառը, որ այն չի ունենում բավարար էֆեկտիվություն:

Որովհետեւ առերեւույթ «անհարկի ռեվերանսով» դնելով քաղաքական-դիվանագիտական նշաձողը, հայկական կողմը Ադրբեջանի համար բաց է թողել քաղաքական պատասխանատվության հարցը:

Գործնականում, չնայած 2018-ի մայիսից Երեւանի սահմանած նոր նշաձողերին, ռիսկն առկա է նաեւ այժմ՝ հեղափոխությունից հետո երկրորդ տարում, եւ կարող է ավելանալ ժամանակի հետ: Ադրբեջանը կարողանում է խաղալ ժամանակի վրա եւ օգտագործել այդօրինակ վրիպումները:

Հետո իհարկե հայկական բանակը լիովին ի զորու է կանխել եւ պատժել դրանք ռազմա-քաղաքական իմաստով կապիտալիզացնելու Բաքվի որեւէ փորձ: Բայց հայկական պետական քաղաքականության խնդիրը պետք է լինի այդ հարցերում հայկական բանակի վրա հնարավորինս քիչ բեռ թողնելը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments