Անշուշտ, գազի խնդիրը հայ-ռուսական հարաբերության շատ ավելի լայն ու խորքային խնդրի մի բաղադրիչ է, ընդ որում ոչ թե պատճառ, այլ հետեւանք: Խորքային պատճառը թերեւս այն է, որ հետխորհրդային ժամանակաշրջանում հայկական պետությունն այդպես էլ չձեւավորեց Ռուսաստանի հետ հարաբերության իր հայեցակարգը, մնալով այսպես ասած իրավիճակային ռեժիմում:

Անգամ ռազմավարական դաշնակցության մեծ պայմանագիրը խոշոր հաշվով հնարավոր է գնահատել իրավիճակային՝ հայկական պետականության տեսանկյունից, հաշվի առնելով այն, որ այդ պայմանագիրը գծել է մի հեռանկար, որի ժամանակավրեպությունը սակայն դրսեւորվել է արդեն մի քանի տարի անց:

Պատահական չէ, որ 2010 թվականին Ռուսաստանը երկարաձգեց այդ պայմանագրի ժամկետը, որով Հայաստանում հաստատված է ռուսական ռազմակայանը: Որովհետեւ Մոսկվայի համար առավել քան պարզ էր, որ ռազմավարական հեռանկարում հայկական պետականության առաջ կանգնելու է այդ պայմանագրի վերանայման հարց:

Ի վերջո, Ռուսաստանն ամենից լավ գիտե իր ռազմավարությունն ու պատկերացումները, եւ ամենից լավ գիտե, որ դրանք հայկական պետականության շահի ու անվտանգության հետ լինելու են հակոտնյա դիրքերում, ըստ այդմ առաջացնելու են հայկական դիմադրություն՝ հետեւաբար անհրաժեշտ է հնարավորինս երկարաձգել դրանց ժամկետը, քանի դեռ կա դա անելու ուժ եւ հնարավորություն:

Այդպիսով, հայ-ռուսական հարաբերության խնդիրների, եւ ընդհանրապես այդ հասկացության վերաբերյալ հետխորհրդային Հայաստանում խորացվել է սուբյեկտիվ եւ իրականությունից զգալիորեն կտրված պատկերացումների մի շարք, որտեղ խնդրի կարգավիճակ է ստացել հայկական շահի եւ անվտանգության մասին խոսելը, փոխարենը «բարեկամության եւ անամպ» բնորոշումն է ստացել հայկական շահերը որոշակի «խնամակալության» դիմաց ռուսական ռազմավարական շահերին ստորադասելը:

Այդ խնամակալության տարրերից է եղել մի կողմից «80-ականների սպառազինությունը», այդ հասկացության ոչ թե ժամանակագրական, այլ ռազմա-քաղաքական բովանդակության իմաստով՝ Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական հարաբերության համեմատության մեջ, որովհետեւ Հայաստանին տրամադրված սպառազինությունը եղել է Ադրբեջանի հետ բազմապատիկ ավելին անելու քաղաքականությունը լեգիտիմացնելու համար: Մյուս հանգամանքը եղել է գազի գինը, ընդ որում խաբուսիկ գինը, որովհետեւ սահմանին այն վաճառելով ասպես ասած ցածր գնով, մնացյալը ռուսական Գազպրոմը փոխհատուցել է Հայաստանի ներքին շուկայում, որովհետեւ գազն ի վերջո հայ սպառողին տարիներ շարունակ հասել է բավականին բարձր գնով:

Հայ-ռուսական հարաբերության խնդիրը հայկական պետականության չձեւակերպված ռազմավարության եւ հայեցակարգի հարցն է, որ անկախությանը հաջորդած տարիներին մնացել է բաց: Այդ իմաստով, Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ առաջ երբեք չի դրել հայեցակարգային խնդիր, որում արտահայտված կլինի հայկական պետականության ռազմավարական հեռանկարը՝ պատմա-քաղաքական բարդույթներից դուրս:

Ըստ այդմ, ձեւավորվել է երկու՝ հայկական պատմա-քաղաքական եւ ռուսական նեոկայսերական բարդույթների հարաբերություն: Այդ հարաբերությունը կարող է խնդիր չունենալ մի դեպքում, երբ չկա հայկական պետականություն: