Հայությունը հուսախաբ արեց փուլային տարբերակի որևէ «շահառուի»

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորերի հարցերին, հայտարարել է, որ Արցախի հարցի որևէ լուծում չի կարող ունենալ գործնական կիրառում, եթե այն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար:

Փաշինյանի այդ հայտարարությունը նոր չէ, պարզապես ներկայումս հնչում է փուլային տարբերակի մասին Լավրովի հայտարարության ֆոնին, որը աղմուկ առաջացրեց Հայաստանում և գործնականում էլ դարձավ Հայաստանում ներքաղաքական իրադրության թեժացման մեկնարկ: Բուն, ուղիղ կապով մեկնակետ էր այն, թե ոչ, այստեղ, իհարկե, կարծիքներն ու գնահատականները տարբեր են, սակայն մեծ է հավանականությունը, որ Լավրովի հայտարարությունը բուն իմաստով քիչ առնչություն ուներ Արցախի հարցի հետ: Եվ դրա վկայությունն են նաև Լավրովի հայտարարությանն ադրբեջանական արձագանքները, որտեղ, մեծ հաշվով, արձանագրվում է ադրբեջանական կողմի դիվանագիտական փակուղին, ոչ թե հաջողությունը: Ադրբեջանում ավելի հաճախ են սկսել խոսել պատերազմի մասին, և այդ իմաստով նկատելի է պատերազմական «լոբբինգի» ակտիվացում, ընդ որում՝ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մակարդակով:

Պաշտպանության նախարար Հասանովի հայտարարություններին զուգահեռ, պատերազմից խոսում է ոչ միայն Ալիևի ռազմական հարցերի օգնականը, այլ նաև նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, որը վերջին մեկ-երկու տարում բավականին ակտիվ քննադատում է արտգործնախարար Մամեդյարովին: Միաժամանակ, Բաքվում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ միտումները բացասական են և պետք է երկարաձգել կարանտինային դրությունը: Դա փոքր-ինչ ուշագրավ հանգամանք է, նկատի ունենալով այն, որ Բաքվի քարոզչամեքենան զուգահեռ գովերգում է հակաճգնաժամային և հակավարակային ալիևյան քաղաքականությունը: Ստացվում է տարօրինակ պատկեր՝ մի կողմից Ալիևի պայքարի մոդելը գովերգում են և անգամ հռչակում նույնիսկ Եվրոպայի համար ընդօրինակելի, մյուս կողմից ստացվում է, որ պայքարը արդյունավետ չէ, քանի որ օպերատիվ շտաբը հայտարարում է միտումների բացասականության և կարանտինի խստացման անհրաժեշտության մասին:

Այդ առերևույթ հակասականությունը իրականում վկայում է, որ ճգնաժամն Ադրբեջանում ունի բավականին խորքային դրսևորում և վերաբերում է ոչ միայն տնտեսությանն ու սոցիալական հարցերին, այլ նաև ներիշխանական համակարգին: Ալիևի համար կարանտինային դրությունը այդ ճգնաժամը կառավարելու միակ «լեգիտիմ» հնարավորությունն է, որը համեմվում է «պատերազմի» շուրջ հռետորաբանությամբ: Դրանք ակնհայտորեն ունեն ներքին սպառման նշանակություն, ինչը, սակայն, հայկական կողմի մոտ բացարձակապես չպետք է առաջացնի հանգստություն կամ զգոնության անկում, որովհետև Բաքվի համար դրանք ներքին սպառման են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի տվել արտաքին սպառման մասին մտածելու որևէ առիթ կամ «հույս»: Այստեղ է նաև գլխավորը, որ անկախ Լավրովի հայտարարությունների շարժառիթներից, դրանք դարձան առիթ, որ հայությունը հուսախաբ անի փուլային տարբերակի որևէ «շահառուի»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments