Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժգծով ղեկավար Մարինա Էզգուբայան հայտարարել է, որ Վրաստանը չի թաքցնում կորոնավիրուսով հիվանդների թիվը եւ այդ մասին խոսելն ավելորդ է: Նա արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, կապված Վրաստանում վարակի հայտնաբերման մեթոդաբանության հետ:

Վրաստանից այլ արձագանքներ էլ են եղել Արսեն Թորոսյանի հայտարարությանը: Տարածվել է նաեւ տեղեկություն, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատան միջոցով Արսեն Թորոսյանը ափսոսանք է հայտնել, որ իր խոսքերը ոչ ճիշտ են մեկնաբանվել ԶԼՄ-ներում: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Արսեն Թորոսյանը խոսել էր Վրաստանում իրականացվող թեստավորման տեսակի, մեթոդաբանության մասին եւ նշել, թե կարող է կիրառվել ոչ այնքան վստահելի թեստավորում:

Վրաստանի ցուցանիշը՝ մայիսի 23-ի դրությամբ 782 հիվանդ, մեկ օրում ընդամենը 2 հայտնաբերված վարակակիր, էապես ցածր է Հայաստանում եղած պատկերից: Դա էլ առաջացնում է հարց, թե ինչու՞ է այդպես, ուրեմն մեզ մոտ վատ են պայքարել համաճարակի տարածման դեմ: Իսկ որոշ շրջանակների համար էլ դա պարզապես քաղաքական գրոհների լավ առիթ է:

Հիանալի է, որ հարեւան Վրաստանում այդպիսի պատկեր է: Վրաստանի կայուն, բարվոք վիճակը բոլոր առումներով բխում է Հայաստանի շահից, եւ հայ-վրացական բնական դաշնակցության հանգամանքին անդրադարձել եմ բազմաթիվ անգամներ: Բնական դաշնակցության հանգամանքը ըստ ամենայնի հանգիստ չի տալիս Հայաստանին եւ Վրաստանին հարեւան շատ շրջանակների, որոնց համար հայ-վրացական առանցքը Կովկասի ռեգիոնալ անվտանգության նոր ողնաշարն է, ինչը ուղղակի պատմության գիրկն է ուղարկում ռուս-թուրքական ողնաշարը: Դա հանգիստ չի տալիս շատերին, այդ թվում Հայաստանում որոշ շրջանակների:

Եվ օգտագործվում է ցանկացած առիթ հայ-վրացական որեւէ սկանդալի հրձիգություն իրականացնելու համար: Այժմ լավ առիթ է կորոնավիրուսը: Ընդ որում, հատկանշական է, որ այդ առիթը սադրում են նաեւ մարդիկ, որոնք պետք է որ գիտակցեն, թե որքան նուրբ է հայ-վրացական թեման եւ որքան խնամքով է պետք մոտենալ դրան, պետական անվտանգության այդ կարեւոր ուղղությունը չդարձնելով անձնական կամ քաղաքական բարդույթների կամ հավակնությունների ռեսուրս:

Կորոնավիրուսի համաճարակը աշխարհում ստեղծել է շատ հակասական պատկերներ, եւ քանի դեռ համաճարակը ամբողջությամբ հաղթահարված չէ, եւ արձանագրված չէ, որ վարակն այլեւս չկա, խիստ հարաբերական է բերել այս կամ այն օրինակը:

Միաժամանակ, այդ հարցերը յուրաքանչյուր երկրի ներքին գործն են, ու եթե կա քննադատություն սեփական կառավարիչների հանդեպ, այդ քննադատությունը պետք է կառուցվի առանց որեւէ երկրի հետ համեմատություն անելու:

Այդ առումով չափազանց ուշադիր պետք է լինեն նման հարցադրումներին պատասխանողները: Պետք չէ սկսել քննարկել, թե ինչպես են անում եւ արածը որքանով է հավաստի որեւէ երկրում: Ամեն երկրի պատկեր ձեւավորվում է տասնյակ եւ գուցե հարյուրավոր դետալներով, որոնց առավելագույն եւ ամբողջական տիրապետում են միայն տվյալ երկրում: Եվ վերջ:

Spread the love