Հատկանշական է, որ նախկին վարչապետ Աբրահամյանը իր տևական լռությունը խախտելու համար ընտրում է Ընտանիքի օրը

- in Ով ով է ...
Hovik Abrahamyan

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել Ընտանիքի օրվա կապակցությամբ, իր մտքերը շարադրելով ընտանիքի մարդկային և ինստիտուցիոնալ կարևորության մասին:

Հատկանշական է, որ նախկին վարչապետ Աբրահամյանը իր տևական լռությունը խախտելու համար ընտրում է Ընտանիքի օրը, բավականին բազմիմաստ ու բազմերանգ գրառումով: Այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ օրն ընտրվում է բավականին բարդ և ինտրիգային ներքաղաքական իրավիճակում: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ Հովիկ Աբրահամյանը օգտագործում է առիթն իր մասին հիշեցնելու, կամ «ընտանիքի» մասին հիշեցնելու համար, բայց այս դեպքում ոչ թե այդ հասկացության, այսպես ասած, մարդկային, այլ քաղաքական, համակարգային իմաստով: Նրա գրառման տողատակում համենայնդեպս նշմարվում է «մեկ ընտանիք լինելու», կամ «մեկ ընտանիք եղած» լինելու մասին հիշեցումն ու ակնարկը:

Բանն այն է, որ ներքաղաքական ներկայիս իրավիճակում կա զարգացումների երկու հիմնական վեկտոր՝ իշխանություն և նախկին իշխող համակարգ հարաբերությունը, և նախկին իշխող համակարգի տարբեր խմբերի միջև հարաբերությունը; Եվ այդ երկու վեկտորները զգալիորեն նաև փոխկապակցված և փոխպայմանավորված են այն իմաստով, որ մի տեղ զարգացումն իր ազդեցությունն ունի մյուսում առկա իրավիճակի և տրամաբանության վրա: Ի՞նչն է այդ տեսանկյունից ավելի մտահոգում նախկին վարչապետին՝ նախկին իշխանության շրջանակի վրա նոր իշխանություն և նախկին համակարգ հարաբերության թեժացո՞ւմը, թե՞ հակառակը՝ նախկին իշխող համակարգի շրջանակում հարցերի առկայությունն ու դրանց ազդեցությունը նոր իշխանության և նախկին համակարգի միջև գործընթացի վրա: Բոլոր դեպքերում, այդ համատեքստում կա երկու հատկանշական իրողություն, որ ուղղակի, թե անուղղակի կարող է առնչվել նախկին վարչապետին: Մեկը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը, որով իշխանությունը պայմանավորում է նախկին համակարգի այս շաբաթների աշխուժացումը:

Եվ այդ համատեքստում հիշարժան է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում գործնականում բաց տեքստով խոսել է Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի հայտնի դղյակի օրինականության խնդրի մասին: Մյուսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նախկին մի քանի վարչապետների միջնորդությունն էր, որը մերժվեց դատարանում: Այդ միջնորդությունն, անկասկած, նախկին համակարգի ներսում եղած հարաբերությունների արդյունք էր, ու այդ իմաստով, հետաքրքիր հարցերից մեկն այն էր, թե ինչու այդ համակարգի այլ կարկառուն վարչապետներ՝ հատկապես հենց Հովիկ Աբրահամյանը, չկային երաշխավորողների շարքում: Նրան չէի՞ն դիմել, թե՞ նա մերժել էր: Դա հետաքրքիր է ամուր ընտանիքի մասին Աբրահամյանի բազմիմաստ հիշեցումների ֆոնին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments