Հեղաշրջում Հայաստանում. որ դեպքում է այն հնարավոր

- in Հրապարակ

Բավական է Հայաստանի նախկին իշխանության կամ դրա հետ ասոցացվող որեւէ ֆիգուրի շատ թե քիչ աղմկոտ հայտարարություն, ու Հայաստանում ծագում են խոսակցությունները նախապատրաստվող հեղաշրջման մասին:

Դրանք բավականին շահավետ են այն քաղաքական միավորների համար, որոնք մի կողմից չեն տեղավորվում նախկին իշխանության տարածությունում, մյուս կողմից չեն տեղավորվել նոր իշխանության տիրույթում, ներառյալ թերեւս խորհրդարանը, թեկուզ ոչ իշխանական կարգավիճակով: Այդօրինակ քաղաքական ուժերի համար գործընթացում արդիականության մթնոլորտ եւ միջակայք ստեղծելու համար անհրաժեշտ է պարբերաբար թարմ պահել հեղափոխության վերահաս գողության վտանգը:

Առայժմ դա սպառվող քաղաքական ապրանք է, թեեւ այդքան էլ հստակ չէ, թե ինչ աստիճանի է սպառումը:

Հեղաշրջման վտանգ կարող է լինել մի երկրում, որտեղ հանրությունը չէ իշխանության ծագման աղբյուրը: Այլ հարց է, որ հանրության միջոցով գալով իշխանության, որեւէ ուժ հետո կարող է հաստատել ամբողջատիրական, ավտորիտար համակարգ՝ քայլ առ քայլ օգտագործելով իշխանությունը:

Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում անկախությունից հետո: Տեղի կունենա՞ այդպիսի բան թավշյա հեղափոխությունից հետո: Մեծ հավանականությամբ՝ ոչ: Եվ բանն այն չէ, որ այս իշխանությունն այդպիսին չէ, լավն է, կամ հրեշտակ: Ներկայում այդօրինակ զարգացման հավանականությունը շատ քիչ է, որովհետեւ այլ է աշխարհը, այլ են տեխնոլոգիաները: Դրանք բավական բարդացնում են ամբողջատիրական իշխանության ձեւավորումն ու կենսագործունեությունը, եթե այդ համակարգերը առավել եւս զուրկ են մեծ ռեսուրսներից:

Ի վերջո, նաեւ այդ գործոնն էր, որ Հայաստանում հնարավոր դարձրեց թավշյա հեղափոխությունը:

Ըստ այդմ, քանի դեռ Հայաստանում կառավարությունը ձեւավորված է հանրային կամքով, այն ապահովագրված է հեղաշրջման վտանգից՝ այդ հասկացության քաղաքական, քաղաքագիտական շրջանակով: Հայաստանում իշխանությունը կփոխվի միայն հանրային կամքով: Հեղաշրջման արտաքին կամ ներքին վտանգ Հայաստանում կարող է առաջանալ այն պարագայում, երբ որեւէ ժամանակ ի հեճուկս հանրային կամքի տեղի չունենա իշխանության փոփոխություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments