Հեղափոխական թիմը 2 տարի ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների

- in Հրապարակ

ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով:

«Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն 2 տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունը հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ Իմ քայլը խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ:

Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը: Եվ, այո, երեկ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում  և ուղիղ ասել եմ՝ այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական և ի վերջո ֆիզիկական բռնությունները գործարկելու պլանի մի մասն եք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դիտելով այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը՝ մի պարզ հարց է տալիս՝ «միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ այնտեղ: Հարց, իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած: Երբ ամբիոնից իջնում ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար է գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքն  իր ձևով արտահայտելով՝ դուրս չէր գալու այս դահլիճից»: Տեղի ունեցածը այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, հնարավոր չէ անվանել, հայտարարեց Փաշինյանը:

«Եվ ես ուզում եմ ուղիղ դատապարտել, որ մենք տրվում ենք սադրանքներին, մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին: Մեզ ամեն օր ու անընդհատ ուզում են շեղել մեր արժեքներից, այս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ մեզ պադեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադեզդներում ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից: Եվ, այո, այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments