Հետաքրքիր թե՛ Բադասյանի նամակը, թե՛ Ռուբեն Ռուբինյանի բարձրաձայնումը

- in Ով ով է ...

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հետաձգված հանրաքվեի փոխարեն, քաղաքական մեծամասնությունը փնտրում է ՍԴ հարցն այլ մեխանիզմով և գուցե ավելի արագ լուծելու հնարավորություն:

Ռուբինյանն այդ մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, թե համավարակը անշուշտ կտևի ավելի երկար, հետևաբար՝ երկար ժամանակ հնարավոր չի լինի անցկացնել հանրաքվե, իսկ ՍԴ հարցը չի կարող երկար մնալ չհանգուցալուծված: Ըստ նրա, այդ ուղիների նպատակով է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրերս նամակ հղել Վենետիկի հանձնաժողովին: Այդպիսով, քաղաքական մեծամասնությունը փաստացի առաջին անգամ ազդարարում է գործնականում պաշտոնական մակարդակով, որ դիտարկում է ՍԴ հարցը այլ ճանապարհով, այլ մեխանիզմով լուծելու տարբերակ:

Այդպիսով, Վենետիկի հանձնաժողով Ռուստամ Բադասյանի նամակի առիթով հարց է առաջանում՝ Բադասյանի նամակում Վենետիկի հանձնաժողովից ակնկալվում է, որ հանձնաժողովը մատնացո՞ւյց կանի հնարավոր մեխանիզմները և ուղիները, թե՞ արդարադատության նախարարի նամակը գործնականում այդ ուղիների մասին պարզապես իրազեկում է Վենետիկի հանձնաժողովին: Եվ այդտեղ առկա է արդեն մեկ այլ հարց: Ի՞նչ է լինելու, եթե ՍԴ հարցի հանգուցալուծման ուղիների կամ մեխանիզմի վերաբերյալ Հայաստանի կառավարության ու Վենետիկի հանձնաժողովի պատկերացումները հակասեն միմյանց, և այդ հակասությունը լինի այնպիսին կամ այնքան, որ ընդհուպ պարունակի Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի քաղաքական կոնֆլիկտի ռիսկ: Հնարավոր է, որ արդարադատության նախարարի նամակն ունի հենց այդ հարցերը, հնարավոր ռիսկերը, հնարավոր հակասության սահմաններն ու աստիճանը ճշտելու նպատակ:

Այստեղ հատկանշական է այն, որ նախարար Բադասյանը Վենետիկ նամակ է գրել դրանից օրեր առաջ՝ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի արտահայտած մտքից հետո: ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթը, Վաշինգտոնում պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հարցին, նշել էր, որ դատաիրավական ռեֆորմի հարցում Հայաստանի կառավարությանը կհորդորի ձեռնպահ մնալ արմատական լուծումներից և աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ: Ամերիկացի այդ պաշտոնյայի հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ Հայաստանի կառավարությունը գործնականում, կարծես թե, չէր էլ խոսում արմատական լուծումների մասին, իսկ հանրաքվեի հարցն էլ առկախված էր կորոնավիրուսի պատճառով: Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ինչի համար էր ամերիկացի պաշտոնյային անհրաժեշտ արմատական լուծումներից ձեռնպահ մնալու հորդորն ու Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատելու կոչը, և կարևորը՝ ինչի՞ վրա էր հիմնված այն: Արդյոք Քենթին հայտնի՞ էր Հայաստանի կառավարության որևէ այլընտրանքային մտադրություն, կամ, այլ կերպ ասած, հայտնի էր այն, ինչ փաստորեն բարձրաձայնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Համենայնդեպս, այդ համատեքստում է հետաքրքիր թե՛ Բադասյանի նամակը, թե՛ Ռուբեն Ռուբինյանի բարձրաձայնումը: Ընդ որում, բարձրաձայնումը հատկանշական է այն ֆոնին, երբ փաստորեն դեռևս չկա նախարարի նամակին Վենետիկի պատասխանը: Այդ ֆոնին արդյո՞ք բարձրաձայնումը՝ որ իշխանությունը դիտարկում է այլ մեխանիզմ, խոսում է քաղաքական որոշման մասին, թե՞ ունի մարտավարական բնույթ և ուղղված է նախկին իշխանության այն շրջանակներին, որոնք տարածում են մտայնություն կամ կարծիք, թե իշխանությունը հանրաքվեի արդյունքից վախենալով է, որ երկարաձգում է արտակարգ դրությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments