Հյուրանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների հիվանդներին վաղվանից կուղարկեն տուն: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այդ անձինք լինելու են առողջության առաջնային օղակի մասնագետների հսկողության տակ:

«Նոր դեպքերը,որոնք ևս չեն ունենա բուժօգնության կարիք, դարձյալ եչն հոսպիտալացվի, կմնան տանը: Ինչու է այս պրոցեսը տևում օրեր, որովհետև այդ ամենը պետք է կազմակերպել: Արդեն երրորդ օրն է՝ ընթանում են հեռավար դասընթացներ առողջության առաջնային պահպանման բուժաշխատողների, բուժքույրերի և կառավարիչների հետ, որպեսզի այդ ամենը չլինի քաոտիկ, այլ լինի շատ կազմակերպված: Մենք չենք բացառում, որ լինեն դեպքեր, հիմա էլ ունենք նման դեպքեր, որ ասիմպտոմ վիճակը դառնում է սիմպտոմատիկ: Այսինքն՝ հնարավոր  է մարդն ինչ-որ փուլում ունենա բուժօգնության կարիք: Կարևոր է, որ այդ բուժօգնության կարիքի բացահայտումը մենք բաց չթողնենք: Այսինքն՝ մենք քաղաքացիներին ուղարկելով տուն՝ նրանց չենք զրկում բուժօգնության հնարավորությունից, այլ պարզապես փոխում ենք հիվանդության վարման մեր ռազմավարությունը: Շատ քիչ դեպքեր կան, որ ասիմպտոմ դեպքերը հիվանդանոցներում կամ հյուրանոցներում են պահվել»,- ասաց նա:

Երեկվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը՝ 63, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 մարդ:

Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսինքն՝ թվերի աճին զուգընթաց աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը: Եվ սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ օրը: Ինքնին հաստատված դեպքերն այդքան վտանգավոր չեն, եթե մենք չունենայինք ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քաղաքացիներ: Եվ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող որևէ քաղաքացի զրկված չլինի բուժման հնարավորությունից մեր վերակենդանացման բաժանմունքներում: Դեռևս մենք այդ ճնշմանը կարողանում ենք դիմանալ, բայց պետք է հավելյալ ջանքեր գործադրենք, որպեսզի այդ ճնշումը չավելանա: Իսկ այդ ջանքերի հիմնական մասը մեր բոլորի կողմից անվտանգության կանոնների պահպանումն է»,- ասաց նախարարը:

Նա ռեկորդային համարեց երեկ անցկացված թեստերի թիվը: Թեև որպես նշաձող էր սահմանվել օրական 1000 թեստավորում իրականացնելը, սակայն երեկ  արդեն այդ թիվը հասել է 1750-ի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •