Հովիկ Աբրահամյանի հերթը. Սերժ Սարգսյանը քանդեց կծիկը

- in Ով ով է ...
Hovik Abrahamyan

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել հանձնաժողովի նիստին եւ պատասխանել հարցերին: Այդպիսի հրավեր հանձնաժողովը հղել է նաեւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նրա պատասխանը դեռ հայտնի չէ:

Միաժամանակ, հանձնաժողովի հարցերին մայիսի 11-ին պատասխանել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը սակայն վարչապետի պաշտոնում եղել է պատերազմից մի քանի ամիս անց: Կարապետյանին հրավիրել էին նրա հայտնի հայտարարության համար, թե տանկերը չեն ունեցել դիզվառելիք: Կարապետյանը լրագրողներին ասել է, որ պատասխանել է այդ կապակցությամբ հարցերին, բայց դրանք չի հանրայնացնի ռազմական գաղտնիքների պատճառով:

Ի՞նչ է ասել Կարեն Կարապետյանը դիզվառելիքի վերաբերյալ իր հայտարարության առիթով, որը իսկապես սենսացիոն էր, հաշվի առնելով, որ մինչ այդ դրա մասին խոսել էր միայն օրվա ընդդիմությունը:

Թե՞ այդ ժամանակ Կարեն Կարապետյանն էլ այսպես ասած ընդդիմություն էր Սերժ Սարգսյանին եւ այն համակարգին, որը եղել էր ապրիլյան քառօրյայում, քանի որ համակարգն ու Սարգսյանը թեւակոխել էին արդեն 2018 թվականի իշխանության խնդիրը լուծելու փուլ եւ թույլ չտվեցին, որ Կարեն Կարապետյանն առաջադրվի վարչապետի թեկնածու:

Սերժ Սարգսյանը ներկայանալով ապրիլյան քառօրյա հանձնաժողով, գործնականում քանդեց մի բավական հետաքրքիր կծիկ: Բանն այն է, որ թվում էր, թե Սարգսյանը լինելու է այսպես ասած վերջին հրավիրյալը, բայց գործնականում նա փաստորեն «բացել» է տարբեր այլ պաշտոնյաների ճանապարհ:

Այդ իմաստով հետաքրքիր է, արդյոք հանձնաժողովը պատրաստվում է հրավիրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով հենց այդ ժամանակ եղել է Հայաստանի վարչապետ: Համենայն դեպս, նրան չհրավիրելը տարօրինակ կլինի, որովհետեւ խոսքը դե ֆակտո պետության երկրորդ մարդու՝ կառավարության ղեկավարի մասին է:

Առավել եւս, որ հենց Հովիկ Աբրահամյանը ապրիլի 5-ի հրադադարից երկու օր անց արեց անսպասելի հայտարարություն, դիմելով Հայաստան ժամանած ՌԴ վարչապետին եւ ասելով, որ չուշացնեն Հայաստան մատակարարվելիք զենքը: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը բացահայտեց, որ զենքը ուշացրել են:

Ե՞րբ է նա իմացել այդ մասին, եւ ինչու՞ Աբրահամյանը չէր բարձրաձայնում այդ մասին ավելի վաղ, հատկապես երբ պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ գործնականում պատրաստվում էր սկսած 2013-14 թվականներից:

Միաժամանակ հատկանշական դրվագ կարող է լինել եւ այն, որ Մոսկվայի առաջ այդ հարցը բարձրացնող Հովիկ Աբրահամյանը միեւնույն ժամանակ կուլ տվեց Մոսկվայի որոշումը՝ տեղափոխել Հայաստանում ապրիլի 7-ին նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը, որի բացատրությունն այն էր, թե Ադրբեջանը սխալ կհասկանա: Նիստը տեղափոխվեց մայիս, Մոսկվա, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ մեկնեց մասնակցելու՝ ընդ որում հայտարարելով, որ դա իր որոշումն է:

Այսինքն, իր որոշումն է, ոչ թե Սերժ Սարգսյանի հանձնարարությունը: Աբրահամյանն ըստ ամենայնի ակնկալում էր Ռուսաստանին ներկայանալ «հավատարիմ», ակնկալելով աջակցություն 2018-ի վարչապետության համար, եւ թերեւս չպատկերացնելով, որ մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի իրեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments