Մարդու իրավունքի եվրոպական դատարանը հրապարակել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խորհրդատվությունը, որ ակնկալում էր սահմանադրական դատարանը: ՄԻԵԴ խորհրդատվությունը մոտավորապես «բաժակի կիսով չափ լիքը, կամ կիսով չափ դատարկ» տրամաբանության շրջանակում է:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն օրինակ արդեն արձագանքել են, որ ՄԻԵԴ-ը մատնացույց է արել իրենց հիմնական մտահոգությունները, որոնց մասին խոսել են այսքան ժամանակ: Իշխանության համակիրները պնդում են հակառակը, որ ՄԻԵԴ-ն էլ չօգնեց Ռոբերտ Քոչարյանին:

Այստեղ իհարկե հարցն այն է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն էր խնդրել օգնություն ՄԻԵԴ-ից, թե՞ Հրայր Թովմասյանը: Ֆորմալ առումով խոսքն իհարկե Թովմասյանի դիմումի կամ հարցերի մասին է, սակայն հնարավոր է, որ դա արվել է Ռոբերտ Քոչարյանի հորդորով:

Թեեւ, պետք չէ բացառել նաեւ հակառակը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փորձում էր ստանալ ՄԻԵԴ փաստարկ, որը կներկայացներ Ռոբերտ Քոչարյանին՝ նրա գործի վերաբերյալ այսպես ասած նպաստավոր որոշում կայացնելու դեմ: Իհարկե, քչերը կհամաձայնեն, թե Հրայր Թովմասյանը կարող էր եւ չուզենալ կայացնել որոշում Ռոբերտ Քոչարյանի օգտին:

Մի կողմ թողնենք այն, որ դե ֆակտո հենց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած բեւեռից էր Արմեն Ռուստամյանը նրան ուղղում հայտնի պատասխանը՝ երբ Թովմասյանն ասել էր, թե ընդդիմությունը ղալաթ է անում: Իսկ ընդդիմությունն այն ժամանակ հենց Ռոբերտ Քոչարյանն էր, ոչ այլ ոք:

Քինախնդիր է Թովմասյանը, թե ոչ, բայց որ սթափ ու պրագմատիկ է, անկասկած: Ըստ այդմ, նա անելու էր եւ կանի հնարավորը, այնպիսի բարդագույն գործում էական պատասխանատվություն չվերցնելու համար, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի «Կյանքի եւ ազատության» գործը, ինչպես իր կենսագրական առաջին գիրքը վերնագրել է երկրորդ նախագահը:

2018-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո, որը Հայաստանում խթանեց  մի շարք էական գործընթացներ, Հայաստանում ՌԴ դեսպանը հունիսին արդեն ազատության մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց հանդիպեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ նախագահը անկասկած շատ մոտիկից գիտե եւ պատկերացնում է Ռոբերտ Քոչարյանի գործի լայն ասպեկտն ու բազմաշերտությունը: Ըստ այդմ պատկերացնում է պատասխանատվության աստիճանը՝ թե այս, թե այն ուղղությամբ որոշման պարագայում:

Հրայր Թովմասյանի խնդիրն է անել հնարավորը Ռոբերտ Քոչարյանի գործի քաղաքական առնչությամբ առաջին հիմնարար որոշում կայացնողը չլինելու համար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •