Ղազախստանը թերևս մնացել է Ռուսաստանի վերջին հենարանը

- in Միջազգային
Putin

ԵՏՄ անդամ երկրները չեն կարողացել տեսակոնֆերանսի ձևաչափով վեհաժողովի ընթացքում համաձայնեցնել ԵՏՄ հնգամյա զարգացման ռազմավարությունը: Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ արժե այն ուղարկել լրամշակման, մինչև որ կորոնավիրուսի համաճարակից հետո կքննարկեն արդեն դեմ առ դեմ:

Ղազախստանի նախագահի ակնարկը բավականին թափանցիկ է, հատկապես հաշվի առնելով այն, որ օրերս նա հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Իսկ մինչ այդ էլ Ղազախստանի նախագահը այդ երկրի Սենատից դե ֆակտո հեռացրել էր նախկին նախագահ Նազարբաևի դստերը՝ Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Իսկ դա խորհրդանշական հանգամանք է՝ հաշվի առնելով այն, որ Նազարբաևը իրեն հռչակել է ոչ միայն ղազախների ազգի հայր՝ ելբասի, այլ նաև Եվրասիական միության գաղափարի կնքահայր՝ հիշեցնելով այդ մասին այն բանից հետո, երբ Պուտինը 2011 թվականին հոդված հրապարակեց այդպիսի միություն ստեղծելու վերաբերյալ: Պուտինն ամենևին պատահական չէ, որ զանգահարել էր Տոկաևին, որովհետև Ղազախստանը թերևս մնացել է Ռուսաստանի վերջին հենարանը, հաշվի առնելով մասնավորապես գազի գնի հարցում Հայաստանի ու Բելառուսի պահանջը:

Պուտինն, ի դեպ, նախօրեին տեսակոնֆերանսի ընթացքում ասել է, որ միասնական գնագոյացման կամ, այլ կերպ ասած՝ էժան գնի այդ հարցադրումը ընդունելի չէ, քանի որ դրա համար պետք է ինտեգրացիայի ավելի խոր մակարդակ: Թե ինչ նկատի ունի Պուտինն ավելի խոր մակարդակ ասելով՝ մնում է, իհարկե, գուշակել, թեև այստեղ գուշակելու բան վաղուց չկա: Սակայն Տոկաևի առաջարկն էլ վկայում է, որ նա իր հերթին մերժել է Պուտինին Բելառուսի և Հայաստանի դեմ խաղում: ՌԴ նախագահը հայտարարել է, որ, եթե Հայաստանն ու Բելառուսը գազի հարցում մնում են իրենց կարծիքին, ապա կարելի է այդ դրույթը հանել՝ թողնել հետագա քննարկման, իսկ հնգամյա զարգացման ռազմավարությունը հաստատել: Տոկաևի առաջարկը՝ հետաձգել ռազմավարությունը, ուղարկել այն լրամշակման և քննարկել համավարակից հետո, դեմ առ դեմ, ըստ էության մերժում է Պուտինին և անուղղակի աջակցություն Հայաստանին ու Բելառուսին: Միաժամանակ, դեմ առ դեմ, անմիջական հանդիպման պայմաններում քննարկելու հանգամանքը բավականին հետաքրքիր է նաև այլ, ավելի լայն համատեքստում:

Բանն այն է, որ այդպիսով, նախ՝ Ղազախստանը փաստացի խոսում է կամ ակնարկում ժամանակային դադարի մասին, մինչ կորոնավիրուսի ավարտը: Իսկ հարցն այն է, որ կորոնավիրուսային իրավիճակը վաղուց, համաճարակային խնդրից զատ, տեղափոխվել է աշխարհաքաղաքական դինամիկ գործընթացի և դիրքային պայքարի փուլ, որտեղ առաջին պլանում են ԱՄՆ-ն ու Չինաստանը: Այդ գործընթացը շարունակվելու դեպքում Ռուսաստանն ավելի ու ավելի է դուրս մղվելու «առաջնագծից» կամ, այլ կերպ ասած՝ ՌԴ քաշային կատեգորիան նվազելու է: Հնարավոր է, որ նաև հենց այդ նկատառումով է ՌԴ նախագահը շտապեցնում ռազմավարության հարցում, քանի որ ժամանակը ներկայումս չի աշխատում Ռուսաստանի օգտին: Ըստ այդմ, մի քանի ամիս անց ԵՏՄ անդամ երկրները Ռուսաստանի հետ կարող են խոսել բոլորովին այլ դիրքերից, ըստ այդմ՝ քննարկել բոլորովին այլ մոտեցումներ ու պայմաններ, քան այն, ինչ ներկայումս:

Իհարկե, այստեղ արդեն հարց է, թե շահած ժամանակը ով ինչպես կօգտագործի, և այստեղ առաջին հերթին խոսքը, բնականաբար, Հայաստանի մասին է: Որքան էլ ժամանակն անցնի, և փոխվի Ռուսաստանի քաշային կարգը, միևնույն է, ԵՏՄ ռազմավարության հարցը դարձյալ լինելու է բավականին բուռն քննարկման և ուժեղ քաղաքական պայքարի հարց, որտեղ ՌԴ հանդեպ որոշակի միասնական շահից զատ, ԵՏՄ երկրներն անշուշտ ունեն իրենց առանձին շահերը և հարցերը միմյանց նկատմամբ, ինչը պահանջելու է ուժեղ դիրքեր: Եվ մյուս կողմից, Ռուսաստանը փորձելու է ժամանակն օգտագործել ԵՏՄ երկրների վրա ճնշման համար, և գաղտնիք չէ, որ Մոսկվայում այդ առումով թույլ օղակ դիտարկել և դիտարկում են Հայաստանը, ինչը նշանակում է, որ պետք է պատրաստ լինել այդ առումով գրոհներ դիմակայելու՝ ներքին ու արտաքին տիրույթից:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments