ETM

ԵԱՏՄ տարածքում անհավանական բաներ են կատարվում: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնից ազատել է Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաեւային՝ Նուրսուլթան Նազարբաեւի դստերը: Ինքը՝ Ելբասին, արդեն երկու ամիս հանրությանը չի երեւում,  եւ մարդիկ խոսում են, որ նրան վերջնական հեռացրել են իշխանությունից:

Փորձագետները Դարիգա Նազարբաեւային մանդատից զրկելը դիտարկում են մի քանի առումներով, եւ չի բացառվում, որ խնդիրը Ղազախստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ է, որը կարող է շրջվել Չինաստանի կողմ: Արեւմտյան վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Չինաստանն էքսպանսիա է սկսել Կենտրոնական Ասիայում:

Միր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Տոկաեւն ասել է, որ Ղազախստանը նոր հարաբերություններ է կառուցում Չինաստանի հետ: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձեւավորման գաղափարն առաջին անգամ հնչել է Ղազախստանում 2013 թվականին, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցի ժամանակ: Անցած տարվա աշնանը իմ Պեկին այցի ժամանակ նախագահ Ծինփինի հետ մեծ ուշադրություն ենք հատկացրել մեր առեւտրային կապերի զարգացմանը», – ասել է Ղազախստանի նախագահը:

Չինաստանի ու Ղազախստանի սերտ հարաբերություններին դիմադրում են թե Արեւմուտքում, թե Մոսկվայում: Փորձագետները չեն բացառում, որ Նազարբաեւի «չեզոքացումը» պայմանավորված է չինական կուրսին նրա խոչընդոտելով: Նազարբաեւը, ինչպես հայտնի է, իրեն համարում է Եվրասիական միության հայրը եւ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների կողմնակից:

Չինաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բազմիցս վատացել են, որը պայմանավորված էր ինչպես Չինաստանում էթնիկ ղազախների եւ ույղուրների դրությամբ, այնպես էլ ղազախական տարածքների մի մասի նկատմամբ չինական տարածքային հավակնությունների մասին չինական մամուլում հրապարակումներով: Չինաստանի էքսպանսիայի դեմ շարժումն աջակցություն էր ստանում ինչպես Նազարբաեւի, այնպես էլ Ռուսաստանի կողմից:

Տոկաեւը, ըստ երեւույթին, որոշել է իր ձեռքը վերցնել իշխանությունը: Գերմանացի փորձագետները նշում են, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելով՝ Տոկաեւն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը: Պատահական չէ, որ դրանից հետո նա հայտարարել է, որ չեն վախենում Չինաստանի հետ սերտ հարաբերություններից, ու հեռացրել է Դարիգա Նազարբաեւային:

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ՄԳԻՄՕ-ից բացի ավարտել է նաեւ Պեկինի լեզվաբանական համալսարանը, աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում եւ Չինաստանում խորհրդային դեսպանատանը: Տոկաեւը ներկայանում է որպես չինագետ: Մի անգամ նա նշել է. «Մենք չենք կարող անտեսել Չինաստանը, որի հետ 1700 կմ երկարությամբ սահման ունենք: Չինական տնտեսությունն աշխարհում ամենադինամիկն է եւ շուտով կդառնա երկրորդը: Ինչպես նշել է մեր նախագահը (Նուրսուլթան Նազարբաեւը), չպետք է տարվել երեւութական վախերով ու շշուկներ տարածել չինական սպառնալիքի նկատմամբ», – ասել է Տոկաեւը:

Դոյչե վելեն գրում է, որ վիրուսի տարածումը, նավթի գների նվազումն ու դրա հետեւանքով տենգեի արժեզրկումը եւս մեկ հարված են հասցնում Ղազախստանի՝ առանց այդ էլ թույլ տնտեսությանը: Պարզ չէ, արդյոք արտակարգ դրությունից հետո նախագահը կհաղթահարի վիճակը, երբ նա մեն-մենակ կմնա ճգնաժամի դեմ: Ըստ ամենայնի, Տոկաեւն այլն ճանապարհ չի տեսնում, քան տնտեսական ինտեգրացիան Չինաստանի հետ:

Ինչպես կփոխվեն հարաբերությունները եվրասիական տարածքում, եթե կայանա Չինաստանի «էքսպանսիան» դեպի Ղազախստան: Հարաբերությունները կփոխվեն ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ թյուրք հարեւանների հետ: Հետաքրքիր է, որ երեկ ղազախ սահմանապահները կրակել են ադրբեջանցի ձկնորսների վրա, որոնք հատել են ծովային սահմանը:

Հատկանշական է նաեւ, որ այս տարվա ապրիլին անգլիական դատարանն անհիմն էր ճանաչել բրիտանական իրավապահ մարմինների պահանջները Նուրսուլթան Նազարբաեւի դստեր ու թոռան լոնդոնյան շքեղ անշարժ գույքի նկատմամբ: Ավելի քան 100 միլիոն դոլար ընդհանուր գնով երկու տունն ու մեկ բնակարանն արգելանքի տակ էին որպես «չհիմնավորված հարստություն»:

Նազարբաեւի դուստրը՝ Դարիգան, եւ նրա ավագ որդի Նուրալի Ալիեւը համոզել են դատավորին, որ անշարժ գույքը գնել են իրենց միջոցներով: Դատավորը չեղարկել է արգելանքը: Բայց Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը մտադիր չէ կանգ առնել ու խոստացել է բարձր ատյանի դատարանում վիճարկել վճիռը:

Դարիգայի միջնեկ որդին՝ Այսուլթան Նազարբաեւը, որն ապրում է Լոնդոնում, հայտարարել է, որ տեղեկությունների է տիրապետում Ռուսաստանի ու Ղազախստանի կառավարությունների միջեւ լայնամասշտաբ կոռուպցիայի մասին: Այսուլթանն ասել է, որ ինքը Նազարբաեւի ոչ թե թոռն է, այլ որդին: 2020 թվականի փետրվարի 3-ին Այսուլթան Նազարբաեւը Ֆեյսբուքում նոր աղմկոտ գրառում է արել:

Այսուլթան Նազարբաեւը գրում է ղազախական գազը ցածր գնով ռուսական Գազպրոմին միջնորդ ընկերության միջոցով վաճառելու մասին: Ստացված շահույթը, իբր, տեղափոխվում է Սինգապուր, իսկ հետո այդ գումարի մի մասը բաշխվում է Ռուսաստանի նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի, ու Գազպրոմի ղեկավարության միջեւ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •