Քրեական գործ է հարուցվել Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի նկատմամբ։ Միջադեպ է տեղի ունեցել Ճամբարակ խոշորացված համայնքում։

Համայնքի ղեկավարը՝ իր երկու ընկերների հետ, համայնքում հայհոյանքներ էր հասցրել համայնքի բնակչուհիներից մեկին ու նրա երեխաներին։ Դեպքին ականատես էին եղել նաև համայնքի բնակիչները, քանի որ միջադեպը տեղի է ունեցել արոտավայրից հոտը վերադառնալու ժամին: Դրանից հետո համայնքի ղեկավարի մայրը մյուս որդու՝ համայնքի ղեկավարի եղբոր՝ Պավել Ադամյանի հետ էր դուրս եկել ու շարունակել վիրավորանքներ հասցնել բնակչուհուն՝ ասելով, որ եթե այդքանը իրենց քիչ էր, կարող են շարունակել։

Դրանից հետո Ճամբարակի բնակչուհի Օվսաննա Բարսեղյանը դիմել էր ոստիկանություն, քանի որ համայնքապետը հայհոյել ու վիրավորել էր հենց իր մորը ու երեխաներին։ Ոստիկանություն ներկայացված այդ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով)։ Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Մեր ձեռքի տակ հայտնված քրեական գործ հարուցելու մասին որոշումից պարզ է դառնում, որ համայնքապետ Վազգեն Ադամյանը և նրա եղբայրը իրենց բացատրություններով հերքել են կնոջն ու երեխաներին հայհոյելու փաստը։ Սակայն համայնքի մի քանի բնակիչներ ներկա են եղել միջադեպին։

Միջադեպից հետո Օվսաննա Բարսեղյանը ասել էր, որ համայնքի ղեկավարի հետ լարվածությունը առաջացել է այն բանից հետո, երբ ինքը սկսել է պայքարել համայնքապետի կողմից համայնքում ապօրինի շինարարության դեմ։

Մասնավորապես, Ճամբարակի քաղաքապետարանից մոտ 10 մետր հեռավորության վրա ապօրինի շինություն է կառուցվում համայնքապետի ու նրա կողմնակիցների կողմից։ Դեռ անցած տարի համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում ասել էին, որ այդ ապօրինի շինությունները կառուցում է համայնքապետ Վազգեն Ադամյանի կազմակերպությունը, և որպես շինանյութ օգտագործվում է «Սևան» ազգային պարկից հանված ավազը, ինչն անթույլատրելի է:

Օվսաննա Բարսեղյանի խոսքով՝ իրենք 2018 թվականի հոկտեմբերից պայքարում են համայնքապետի ընկերների կողմից ապօրինությունների դեմ։ Այդ շինությունների թույլտվությունները ապօրինի են։ «Մենք բազմաթիվ գրություններ ենք ուղղել համայնքապետին։ Նա ծիծաղելի պատասխաններ է տալիս, թե շինարարություն չի գնում, կասեցված է։ Մենք նորից գրում ենք իրեն, լուսանկարներ և տեսանյութ ենք ուղարկում, որ շինարարությունը շարունակվում է, ինքն էլ պատասխանում է, թե չեն նկատել, որ շինարարություն է։ Մինչդեռ այդ շինարարությունը քաղաքապետարանից 10 մետր հեռավորության վրա է»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ իրենք չեն պահանջում, որ կառուցված շինությունն ապամոնտաժվի, պարզապես այն պետք է դառնա համայնքային սեփականություն։

Նշենք, որ քրեական գործ կա հարուցված, որի շրջանակներում այս խնդիրները ևս ներառված են։ «Մենք պայքարում ենք ապօրինի շինարարության դեմ, բայց իրենք արդեն անցել են անձնական վիրավորանքների, ամենավերջին հայհոյանքն են տվել մորս ու երեխաներին, եղբորս երեխաներն էլ են ներկա եղել։ Հետո այդ ամենը շարունակել են համայնքի ղեկավարի մայրն ու եղբայրը։ Չեմ հասկանում՝ պետք է Գավառի պատմությունը կրկնվի՞, գան մեզ կոտորեն, նոր ամեն ինչ հանդարտվի՞։ Ես չգիտեմ, թե այս ամենը ոնց է վերջանալու։ Եվ այս ամենը նրա համար, որ մենք, ես պայքարում եմ ցանկացած տիպի ապօրինության դեմ։ Ստացվում է, որ արդար ապրող մարդը, իր համայնքի համար սրտացավ մարդը հայտնվում է հարվածի տակ։ Ես արդեն վախենում եմ։

Վախենում եմ ոչ թե ինձ համար, այլ եղբորս երեխաների համար»,- միջադեպից հետո ասել էր Բարսեղյանը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •